Ադրբեջանի առավելությունը մեր նկատմամբ նավթը չէ, այլ այն, որ իրենք «երկար կամքի» հասարակություն/պետություն են։ Այսինքն՝ երկարատև ու հետևողական նպատակներ են դնում և գնում են դրանց իրագործմանը։ Այս մասին գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը:
«Վերջերս հիշել են, որ մուսուլմանները իշխանությունը մեր տարածաշրջանում սկսել են կորցնել դեռևս Պետրոս I-ի ժամանակներից՝ մոտ 300 տարի առաջ, 1723-1724 թվականներից սկսած, և ելնելով դրանից՝ հայտարարում են, որ 300 տարի անց հասնելու են իրենց նպատակին՝ վերցնելու են իշխանությունը հետ։
Կամ հայերի հետևողական ոչնչացումն արդեն մոտ 120 տարի, որն իրականացվում է Ադրբեջանի բնակչության կողմից, իսկ Թուրքիայի՝ ավելի վաղուց։ 1905-1906, 1918-1920, 1988-1991, 2020-2023 թվականներին՝ գրեթե ողջ 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին, ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում էին հայկական տարրը Արցախից, Նախիջևանից, Գանձակից, Բաքվից և այլ իրենց հասանելի վայրերից։
Սա համակարգային էթնիկ զտման երկար ու կայուն շղթա է, որտեղ յուրաքանչյուր փուլ ծառայել է հարևան երկրում հայկական հետքը մաքրելու նպատակին: Վերջին փուլին են հասել, հայկական տարը մեր տարածաշրջանում պատմական մինիմալ տարածվածությանն է հասել։
Հիմա էլ Ալիևը հայտարարում է, որ տանկերի փոխարեն մեքենաներով են գրավելու Հայաստանը։ Եվ դա ավելի վտանգավոր է, քան տանկը, քանի որ տանկի դիմաց մեխանիկորեն դիմադրություն ես սկսում, իսկ այս դեպքում՝ եռացող ջրում գորտի նման, չես զգում քո մահը։ Սա «փափուկ ուժի» միջոցով կամ աստիճանական ճնշմամբ տարածքներին տիրանալու նոր՝ ոչ ռազմական, բայց պատերազմից ոչ պակաս արդյունավետ մարտավարություն է։ Ինչպես եղավ Նախիջևանում կամ շատ այլ տարածքներում՝ մինչև 1991-1994 թվականների պատերազմը։
Թեկուզ հենց Արցախի գրավումը Ադրբեջանի երկար կամքի դրսևորում էր. մարդիկ 25 տարի համառորեն գնացին իրենց նպատակի հետևից՝ անկախ շրջակա աշխարհի կարծիքներից։
Մենք չունենք այդպիսի երկար կամք։ Կարո՞ղ եք մի մեծ նպատակ հիշել, որ մենք իրագործել ենք 25 տարի կամ ավելի տևողությամբ։ Մեր ազգային նպատակները հաճախ փոփոխվում են քաղաքական ցիկլերով կամ մնում են միայն հռետորաբանության մակարդակում: Բացի Ցեղասպանության ճանաչումից, որի ֆունկցիոնալ նշանակությունից էլ մենք չենք օգտվել։
Բացի երկար կամքից, մենք նաև կաղում ենք կենտրոնական կազմակերպչական կարողություններով։ Պատկերացնո՞ւմ եք. Ադրբեջանը 10-20 տարի ուսանողներ է ուղարկում տարբեր երկրներ, որպեսզի հետո այդ ուսանողները մնան այդ երկրներում և կարևոր դերակատարություն ստանձնեն տվյալ երկրի որևէ ոլորտում։ Դա հատկապես ակնհայտ է երևում Ռուսաստանի դեպքում, բայց այլ համայնքներում էլ ունեն նման մոտեցում։
Պլանավորում ունեցող մարդը միշտ էլ հաղթելու է պլանավորում չունեցողին։ Կապ չունի՝ խաղաղության, թե պատերազմի դաշտում։ Էս մասին է պետք մտածելլ՝ ո՞րն է մեր պլանը»,-գրել է նա:









