Մենք պետք է վստահ լինենք, որ կապիտալ ներդրումների համար ծրագրերի իրականացման գործընթացը դյուրին է եւ ոչ մի ռիսկ չի պարունակում: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Դիտարկմանը, որ այս տարի կապիտալ ծախսերի 220 մլրդ դրամից 7 ամսվա տվյալներով միայն 40 մլն դրամն է կատարվել, փոխվարչապետն ասաց. «Այդ իմաստով մեզանում տեղի է ունենում երկու զուգահեռ գործընթաց. Առաջինը իրականացնել կապիտալ ծախսեր, երկրորդը՝ դյուրինացնել կապիտալ ծախսերի իրականացման գործընթացը, որ հանկարծ կոռուպցիոն եւ այլ ռիսկեր, նաեւ արդյունավետության հետ կապված ռիսկեր չլինեն։
Կարծում եմ, որ շտապել պետք է, բայց պետք է շտապել դանդաղ, որպեսզի չշտապենք ռիսկերի հաշվին: Ի վերջո եւ ունենանք կապիտալ ներդրումներ, եւ ծրագրերի իրականացման սահուն, թափանցիկ եւ արդյունավետ գործունեությունը: