Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է իր համար ամենաանհասկանալի հարցը: Ըստ այդմ՝ նրան մտահոգում է, թե թավշյա հեղափոխությունից հետո ինչպե՞ս կարող է լինել պետական պաշտոնյա, որ մտածի նորից կաշառք վերցնելու, ապօրինություն թույլ տալու մասին:
«Դա ինձ համար ամեաանհասկանալի հարցն է, որի պատասխանը չեմ գտնում: Այդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, լուրեր չե՞ն կարդում: Երբեմն հանդիպում ես հայացքների, առաջարկների, որ. դե լավ, հեղափոխությունը եղավ, այդ ամեն ինչը լավ է, իսկ ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը, ե՞րբ ենք բաժանելու ոլորտները, ներմուծման քվոտաները և այլն: Հասկանում ես, որ առանձին վերցրած փոքր խմբի մեջ չի տարածված այդ երևույթը»,- ասել է Փաշինյանը:
Ուշադիր լսելով ամբողջ խոսքը, ես անկեղծորեն զարմանում եմ, թե ինչպես ամենաիմաստուն վարչապետը չի գտնում այդ չարաբաստիկ հարցի պատասխանը, երբ դրա մի քանի դրվագներ հենց ինքն է նկարագրում նույն խոսքում:
Նա օրինակ է բերում կարգազանց վարորդներին, բայց մոռանում է, որ «թավշյա» քայլարշավի օրերին ինքն անձամբ էր ներկում փողոցների տեսանկարահանող և արագաչափ սարքերը: Հենց իր կառավարությունն էր, որ առաջին հերթին չեղարկեց կարգազանց վարորդների տարիներով կուտակած տուգանքների պարտքերը: Այն ժամանակ այդ վարորդներն իրենց պահանջներով հասկանալի էին, որովհետև այդպես էր պահանջում հեղափոխական էյֆորիան, հիմա դա անհասկանալի է: Փաշինյանի համար գուցե այդպես է, իսկ ահա կարգազանց վարորդների համար անընդունելի է, որ չեն ներվում երկրորդ, երրորդ կամ տասներորդ անգամը: Մի՞թե դրա համար են փողոց փակել, հեղափոխություն արել:
Խոսում է գողության ու կաշառակերության մասին, բայց մոռանում է, որ իր նշանակած նույնիսկ ամենակարկառուն կադրերը, դեռևս աշխատասեղանին ու բազկաթոռին չհարմարված, արդեն հայտնվում են կոռուպցիոն գործարքներում՝ Դավիթ Սանասարյանը միջամտում է գնումների գործընթացին, Արսեն Թորոսյանը մի քանի անգամ մեծացնում է իր կնոջ բուժհիմնարկի պետպատվերի քվոտան, բազմաթիվ նոր պաշտոնյաներ, այդ թվում նաև իր մերձավոր ազգականը, կեղծում են դիպլոմները: Սեփական կենսագրության ամենահիշարժան դրվագը հեղափոխության օրերին փողոց փակելը համարող կարիերիստների հսկայական բանակը գրոհում է պետական կառավարման հիմնարկների հաստիքացուցակները, իսկ հեղափոխական էյֆորիայի օրերին ստեղծված կադրերի բանկը մնացել է այն թավշյա օրերի տաք ասֆալտին: Միլիոնավոր դրամներով Բաղրամյան պողոտայում պատգամավորները գորգ են լվանում, ԱԺ փոխնախագահը զուտ «էսթետիկ» մղումներով հրաժարվում է նախկին փոխնախագահի աշխատասենյանկի կահույքից ու նորը պահանջում, Դուք և Ձեր մերձավորագույն թիմը պետբյուջեի հաշվին թանկարժեք գործուղումների եք մեկնում, պարգևավճարներ եք ստանում և դեռ մտածում եք, թե ինչպես է ինչ-որ մի ժեկի պետ կաշա՞ռք պահանջում:
Դա դեռ մի կողմ, հիմա անդրադառնանք երևույթի տարածման աշխարհագրությանը: Փաշինյանն իրավացի է, որ այն առանձին վերցրած փոքր խմբի մեջ չի տարածված: Այն ինչպես նախկինում, հիմա էլ իր շոշափուկները տարածել է ամենուր: Նույն Փաշինյանի եղբորորդին ու աներձագը, նույնիսկ իր թեթի լրագրողները ԱԺ պատգամավորներ են, քավորը՝ քաղաքապետ (այս շարքը թվարկելու համար շատ երկար է): Արդեն պատգամավորների ընտանիքի անդամներն են պետական պաշտոններ ստանում ու դրա մեջ Փաշինյանն արգահատելի ոչինչ չի տեսնում, իսկ ոչ յուրայինների նույն պահվածքին պատասխան չի գտնում: Մարդու համար միշտ էլ հեշտ է ուրիշի աչքի չոփը տեսնելը, նույնիսկ եթե այն չկա, որովհետև նույնքան հեշտ է սեփական թիմի անկարողությունն ու դիլետանտիզմը բարդել կաշառակեր չինովնիկի, օրինախախտ վարորդի, վնգստացող դատավորի ու սարի ճանապարհը փակած ակտիվիստների վրա:
Պարո՛ն Փաշինյան, ի վերջո, Ձեզ հուզող հարցի պատասխանը Ձեզ ուղեկցում է արտասահմանյան բոլոր այցելությունների ժամանակ: