Foto

Վաղարշապատի քաղաքական խճանկարը

Նոյեմբերի 16–ին կայանալիք Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 ուժ՝ 1 դաշինք և 8 կուսակցություն։

9–ից 3–ը ակնհայտ հետնապահներ են և ընտրություններին մասնակցում են անհասկանալի մոտիվացիայով։

Հիմնական քաղաքական պայքարը կընթանա և քվեները կբաշխվեն 6 ուժերի միջև։

Օրվա իշխանությունը

Իշխանությունն այս ընտրություններին մասնակցում է երկու կուսակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» և իր կցորդը՝ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։ Սա այն տխրահռչակ զույգն է, որը կոալիցիա է կազմել Երևանի ավագանիում և խայտառակ ձևով տապալել է կառավարումը՝ զուգահեռաբար թալանի, տուգանքի մատերիալ դարձնելով մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին։

Մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի կցորդն է ոչ միան Երևանի ավագանիում, այլ նաև թուրքամետ քաղաքականության հարցերում։ Արամ Սարգսյանը թուրքական 5–րդ շարասյան տիպիկ ներկայացուցիչ է և երբեմն Նիկոլից ավելի Նիկոլ է դառնում, երբ հարցը վերաբերում է հայ–ռուսական հարաբերություններ փչացնելուն կամ Թուրքիային քծնելուն։

«Քաղաքացիական պայմանագիր»–«Հանրապետություն» զույգին արդեն իսկ կնքել են որպես ուրացողների դաշինք։

Բանն այն է, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածուն Արգիշտի Մեխակյաննէ՝ Արցախյան 1–ին պատերազմում զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդին։

Նիկոլը հիմա բացահայտորեն հայտարարում է, որ Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին ու ինքը ուրախ է, որ Արցախն այլևս չկա։ Ստացվում է, որ Հայաստանի վզին թոկ կապողերից մեկը եղել է Արգիշտիի հայրը։ Հիմա եթե Արգիշտին կիսում է Նիկոլը գաղափարները, ուրեմն հոր գործն ուրացող է՝ դավաճան։ Իսկ եթե չի կիսում, բայց դարձել է ՔՊ–ի թեկնածուն, ուրեմն ․․․

Դատելով ամենից՝ Արգիշտին հանուն աթոռի համաձայն է Նիկոլի մտքերի ու արածների հետ։ Այսինքն՝ ուրացող է։

Մյուս ուրացողը Արամն է, ով Վազգեն Սարգսյանի դիակի վրայով է մտել քաղաքականություն, հետո սեփականաշնորհել է եղբոր իմիջը ու հիմա անում է Վազգենի դավանած գաղափարների հակառակը։

Ահա այս ուրացողների դաշինքը հիմա փորձելու է վաղարշապատցիներին խաբել, աթոռը պահել ու անցնել թալանի, թանկացումների։ Երևանում մի կերպ հաջողացրեցին իշխանություն պահելու գործը։ Գյումրիում չկարողացան (Արամի «Հանրապետությունը» և թուրքական 5–րդ շարասյան մյուս ներկայացուցիչները չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը)։ Հիմա ուզում են կրկին փորձել։ Ակնհայտ է, որ Արամի կուսակցությունն անցողիկ շեմ հաղթահարելու խնդիր ունի և միայն նիկոլենց վարչական լծակների օգնությամբ կարող է 4 տոկոսը հաթահարել։

Ընդդիմությունը

Վաղարշապատի ընտրություններում ընդդիմադիր դաշտում դոմինանտային դերակատարում ունեն Անդրանիկ Թևանյանիգլխավորած «Մայր Հայաստան»կուսակցությունը և «Հաղթանակ» դաշինքը, որը Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի վաղարշապատյան պրոյեկցիան է («Հաղթանակ» դաշինքի մաս են կազմում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և քոչարյանամետ «Առաջ» կուսակցությունը)։ 

«Մայր Հայաստանը» խառնել է նիկոլենց խաղաքարտերը Խոյ համայնքում։ Օրվա իշխանությունը արհեստականորեն միացրեց այդ համայնքը Էջմիածնին ու Ոսկեհատգյուղին, որպեսզի այդ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի ենթադրալ քվեներով կարողանա կոմպենսացնել Էջմիածնում Նիկոլենց ցածր վարկանիշը։ Իրենք կարծում էին, որ Խոյում մրցակից չեն ունենալու, բայց «Մայր Հայաստանը» հենց Խոյ համայնքից է ավագանու առաջատար թեկնածուներ ներկայացրել և զրկել ՔՊ–ին մենաշնորհից։

«Մայր Հայաստանի» ավագանու ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, ով Դողսհամայնքի ղեկավարն է եղել։ Ավագանու նախընտրական ցուցակի 2–րդ հորիզոնականում Դավիթ Կարապետյանն է, ով երկար տարիներ ղեկավարել է Ծաղկունքհամայնքը։ ՄաՀաԿ–ի ցուցակում էլի կան համայնքի ղեկավար աշխատած մարդիկ։ Բոլորն էլ Խոյից են։ Իսկ դա նշանակում է, որ ՔՊ–ն իր պատկերացրած կոմֆորտ զոնայում չի կարողանալու մնալ։ Դա է պատճառը, որ հիմա տարատեսակ ստուգող, քննող մարմինները փորփրում են «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակը գլխավորող անդամների ղեկավարած համայնքապետարանները՝ փորձելով «կեղտ»բռնել, բայց իզուր են չարչարվում։ Կեղտը ՔՊ–ում ու նրան կցված կառուցում պետք է փնտրել։

«Մայր Հայաստանի» ցուցակում ընդգրկվել են թեկնածուներ Էջմիածնից և Խոյ համայնքի գրեթե բոլոր գյուղերից։ Ցուցակը՝ փորձի ու երիտասարդության համադրություն է։

Ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը և «Ժառանգությունը»։ Վերջինիս մասնակցությունը ձևական է, քանզի իրականում «Ժառանգության» միջոցով ընտրություններին մասնակցում է գեներալ Մանվել Գրիգորյանիկինը՝ Նազիկ Ամիրյանը, ում աղջիկն ընդգրկված է այդ կուսակցության ավագանու ցուցակում։ Լավ աշխատանքի դեպքում «Ժառանգությունը» կհայտնվի ապագա ավագանու կազմում, ինչով օգուտ կտա ընդդիմադիր դաշտին։

Ինչ վերաբերում է «Հայրենիքին», ապա այդ ուժի ավագանու ցուցակը գլխավորում է 44–օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Մանուկյանը հարգված մտավորական է Էջմիածնում, և ընդհանրապես՝ ամբողջ Հայաստանում։ Մանուկյանի գործոնը կօգնի «Հայրենիք» կուսակցությանն Էջմիածնի ընտրություններում։

Եթե այս ուժերից որևէ մեկին չհաջողվի միանձնյա իշխանություն ձևավորել, ապա ակնհայտ է, որ պետք է միասնաբար զրկել ՔՊ–ին իշխանությունից։

Ամփոփում

Եթե խոսենք սպորտային լեզվով, ապա Վաղարշապատի ընտրությունները կարելի է դիտարկել որպես խորհրդարանական ընտրություններին նախորդող կիսաեզրափակիչ։ Հստակ կերևա, թե ով ով է և ով ինչի է ունակ։ Բոլորի կողմից էլ փորձարկվելու են քաղաքական ու տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Բոլոր ուժերի համար էլ սա կլինի մկանների ցուցադրություն։

Գործնականում ընտրապայքարի մեջ են մտնում Թևանյանի, Քոչարյանի, Վանեցյանի, Փաշինյանի, Սարգսյանի կուսակցությունները։ Շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտում միմյանց դեմ չգործեն և թիրախավորեն բացառապես ՔՊ–ին ու նրա կցորդ 5–րդ շարասյանը։

Կան շատ լավ շանսեր՝ ՔՊ–ին հերթական համայնքում պարտության տանելու համար։ Մնացածն ընթացքը ցույց կտա։

Կորյուն Մանուկյան