Foto

Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ վերջինս մասնակցել է Թբիլիսիում անցկացվող հանրահավաքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ 

«Վարչապետը չեղյալ է հայտարարել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը՝ անօրինական հանրահավաքին մասնակցելու և երեկ արված կեղծ հայտարարությունների պատճառով», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Վրաստանի խորհրդարանի առջև ընթացող հանրահավաքին։ Նա նաև Ռուսթավելի պողոտայից տեսաուղերձ է հրապարակել սոցիալական ցանցերում։

ԵԱՀԿ գործող նախագահը Թբիլիսի է ժամանել հոկտեմբերի 14-ին և հանդիպում ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։

Մինչ այդ Էլինա Վալտոնենին ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վալտոնենը շնորհավորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով՝ վստահություն հայտնելով, որ դա էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը։