Foto

ՀԿԵ-ն թալանողները պետք է դատվեն և հայտնվեն կալանավայրերում. Ս. Սահակյան

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալների մասին զրուցել ենք «Լիոն Փրինթինգ» ՍՊԸ փոխտնօրեն Սամվել Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, վերջերս դուք հարցազրույցներ եք տվել տարբեր լրատվամիջոցների և մակերեսորեն ներկայացրել եք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ և ընթանում է նախաքննություն։

-Այո, ես խոսել եմ ՀԿԵ խնդիրների մասին: Բայց հարուցված է քրեական գործ և քանի որ ընթանում է նախաքննություն, այս պահին ավելին չեմ կարող ասել։

-Իսկ ինչպե՞ս են ձեր գործերը ընթանում երկաթուղու հետ։ Չէ՞իք կարող ավելի մանրամասնորեն ներկայացնել իրավիճակը։

-Կարող եմ ասել, որ երկաթուղում «վայրէջք» կատարած մի քանի խուլիգան, փտած թոշակառուների պատճառով մենք, շեշտում եմ, ժամանակավոր, զրկվեցինք մեր 20 տարվա պատմություն ունեցող գործերից։ Բայց հավաստիացնում եմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրում: Այն չինովնիկները, որոնք պետք չեն եկել իրենց կառույցներին և «դիրքավորվել են» երկաթուղում, իրենց պատիժը կրելու են: Էլ չեմ ասում երկաթուղու ղեկավարության այն պաշտոնյաների մասին, Վալկոյի գլխավորությամբ, որոնք փտելու են բանտերում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք կրեն իրենց պատիժը։ Թե՛ Վալկոն, թե՛ Դարբինյանը, թե՛ Վեներա Ավետիսյանը, թե՛ Ռեբեցը, թե՛ Լյոխկին, թե՛ Լադոշան, թե՛ Անտոնյանը, և հայկական ազգանունով այն բոլոր «թուրք տակդիրները» , որոնք վերը նշած «երևույթների» հետ միասին փորձեցին խլել մեր գործը և թալանել մեր երկիրը։ Դրա մասին հավաստիացնում է ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայության կողմից կազմված ակտը։

-Մեկ տարի առաջ ձեզ հետ զրույցում մենք անդրադարձել էինք ԱԱԾ-ի պատերի ներսում Ձեր և ձեր հիմնադիրի հետ տեղի ունեցած «զրույցին», կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ ընթացք ստացավ այդ գործը։

-Ոչ մի ընթացք։ 2018 թվականի փետրվարին այսպես կոչված ԱԱԾ նախկին գեներալ Դարբինյանը գլխավոր տնօրեն Վալկոյի ձեռքը բռնած գնացել էր ԱԱԾ և դիմում էին գրել մեր դեմ, իբր մենք  ահաբեկում ենք Վալկոյին։ Մարդ չի էլ հասկանում, թե դրա ինչը ահաբեկես, ինքն իր կողմից ահաբեկված-պրծած է արդեն։ Իսկ ընդհանրապես ի՞նչ ահաբեկելու մասին է խոսքը, երբ  ԱԱԾ երկու նախկին գնդապետ Դարբինյանի և Վալկոյի «ֆա՛ս» հրամանով, զանգահարում են մեզ և, փողոցային լեքսիկոնով խոսելով, գալիս են մեզ հետ հանդիպման, ավելի ճիշտ «ռազբորկայի», ու մտքներով անգամ չէր էլ անցնում, որ ԱԱԾ-ի, «Կրակեմ» Հրաչի և այլ ԱԱԾ բարձր պաշտոնյաների անունը տալուց հետո, նույն իրենց համար հասկանալի փողոցային ժարգոնով մենք իրենց կուղարկենք այն նույն տեղը, որտեղից որ գործուղվել էին՝ Վալկոյի կաբինետ։ ԱԱԾ-ում պարզվեց այս ամենի, ինչպես նաև այն հանգամանքների մասին, որոնք կատարվել էին 2015 և 2017 թվականների ապրիլ ամիսներին, երբ նախկին ԱԱԾ-ականներ Դարբինյանի և Անտոնյանի կողմից փորձ կատարվեց մեր գործերից մեկի մեջ խցկել առաջինի կողմից հովանավորվող ընկերությունը, անընդհատ շեշտելով ռուսական ՖՍԲ-ի անունը,  իսկ մյուսից ատկատ ստանալու փորձ, շեշտելով ԱԱԾ-ի անունը, ասելով, որ ինքը ԱԱԾ-ի գնդապետ է՝ մեզ վախեցնելու նպատակով։ Այս ամենը պարզելուց հետո, մեզ հարցաքննող  բարձր պաշտոն զբաղեցնող ԱԱԾ գնդապետները, մայորները մեզ ասեցին, որ եթե մեզ ԱԱԾ-ի անունից ահաբեկել են և մենք չենք ահաբեկվել, էստեղ ոչ մի իրավախախտում չկա։ Մենք էլ իրենց պատասխանեցինք, եթե մեզ ԱԱԾ-ի անունից փորձեին սպանել և մենք չմեռնեինք, էդտեղ էլ չէր լինի՞ իրավախախտում, թե՞ սրանց արածը բարեգործություն է, իրանք էլ բարեգործներ են։ Մենք էլ Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիներս պետք է էս ամեն ինչը կուլ տանք, կամ գնանք իրենց մուծվենք, նկատի ունեմ դարբինյաններին, անտոնյաններին, վալկոներին։ Համոզված ենք, որ տվյալ պահին ընթացող նախաքննությունն այս ամենը կպարզի և վերը նշված «երևույթները» իրենց հովանավորներով հանդերձ կկրեն պատիժ՝ օրենքի ողջ խստությամբ։

-Մեր ունեցած տվյալներով արդեն իսկ 5 բարձր պաշտոնյա, ազգությամբ ռուս երկաթուղայիններ, այս տարի լքել են Հայաստանը։  Ձեր կարծիքով, իմանալով, որ քրեական գործ է հարուցված, ինչու՞ է գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեռ պաշտոնավարում։

- Իմ կարծիքով Սերգեյ Վալկոյի պաշտոնավարումը կախված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իշխանություններից։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երևի թե սպասում են քննչական գործողությունների ավարտին, չնայած մենք համարում ենք, որ նմանատիպ «երևույթները» իրավունք չունեն կառավարել ՀՀ  սեփականությունը համարվող ներդրումային գումարները, և պետք է գոնե հեռացվեն իրենց պաշտոններից մինչև նախաքննության ավարտը, ինչը որ համարում ենք մեծ բացթողում երկաթուղու վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից։  Թե ինչ է կատարվում Ռուսաստանի Դաշնությունում, փորձեմ բացատրել։   Իմ համոզմամբ, Հայաստանում մնալու և պաշտոնավարումը շարունակելու նպատակով Վալկոն պատրաստ է անգամ երկաթուղու վարչության պատերը կրծել, միայն թե չտեղափոխվի Ռուսաստանի Դաշնություն, որովհետև այնտեղ իրեն սպասում են և՛ Շայդուլինը, և՛ Ռեբեցը, և՛ այլոք, ովքեր կասկածվում են Հայաստանի երկաթուղու թալանի մեջ։ Նրանք են Վալկոյից առաջինը հարցնելու, թե էդ ի՞նչ բերեցիր մեր գլխին, այ ․․․, էլ չեմ ասում երկաթուղու ներկա և նախկին աշխատակիցների մասին, որոնց Վալկոն, Դարբինյանը, Վեներան և մյուսները իրենց ագահության պատճառով  տարան հասցրեցին իրավապահ մարմինների դուռը։  Այո, նորից կրկնում եմ,  անկշտության և ագահության պատճառով բոլորին գցեցին իրավապահների դուռը։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունում Վալկոյին և Դարբինյանին կդիմավորի իրենց կողմից սիրելի ՖՍԲ-ն, որի առաջին հարցը երևի կլինի, թե ինչու՞ պիտի ձեր պատճառով մեր սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Նիկոլ Փաշինյանից տեղեկանա ռուսական ընկերության մենեջերների կողմից 60 միլիոն ԱՄՆ դոլարի չարաշահումների մասին, որը ես համոզված եմ շատ անսպասելի անակնկալ էր ՌԴ Նախագահի համար: Չնայած որ 2018 թ․ ապրիլից ռուսական երկաթուղու անվտանգությունը, որը ամբողջությամբ կազմված է ՖՍԲ-ի աշխատակիցներից, ամբողջությամբ տիրապետում էր այդ ինֆորմացիային և այդ ամեն ինչին վերջ կարող էին դնել մեկ տարի առաջ, ուղղակի պատասխանատվության ենթարկելով ՀԿԵ վերը նշված մի քանի կոռումպացված պաշտոնյաներին։ Բայց ինչ-ինչ պատճառներով չգնացին այդ քայլին։ Երկաթուղու ներսում էլ խոսում են, որ Վալկոն ամիսը երկու անգամ գնում է Մոսկվա, գումարներ է այստեղից  տանում, որպեսզի պատժից խուսափի։ Դե ինչ ասեմ, դա էլ իրենց անվտանգության գործն է, թող ոնց ուզում են իրենց երկրի և իրենց նախագահ Պուտինի պատվի ու արժանապատվության հարցը լուծեն։

Իսկ ինչ վերաբերում է Վալկոյի գործունեությանը ՀՀ տարածքում, նա ամեն ինչ անում է հաճոյանալու մեր վարչապետին, անգամ Երևան-Գյումրի նոր էլեկտրագնացքում զուգարանի զուգարանակոնքի ջուրը բաց թողնելու  ռեկլամ է անում, որովհետև նրա մակարդակը այդ զուգարանակոնքի ջրի մակարդակն է։ Լավ է՝ զուգարանում բիդե տեղադրված չէր, թե չէ պատկերացնու՞մ եք, ինքը ինչ եռանդով էր ռեկլամ անելու բիդեի աշխատանքը ՀՀ վարչապետի առջև։ Ավելի լավ է ինքը վարչապետին բացատրեր, թե ինչպես իր, Կելպերիսի, Ռեբեցի և Լյոխկիի թեթև ձեռքով գրեթե ամբողջությամբ վերջ տվեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային բեռնափոխադրումներին։ Ու էդ նկարչությունը բեռնափոխադրման հետ կապված, որ նկարում ուղարկում են տարբեր պետական մարմիններին, լրատվամիջոցներին, թե իբր բեռնափոխադրումների աճ է գրանցվել, բացառապես իրականությանը չի համապատասխանում։ Ինչպե՞ս կարելի է բեռնափոխադրումների աճ գրանցել, եթե 2018թ․ նոյեմբերի 1-ից չի գործում Կովկաս-Փոթի լաստանավը։ Չենք հասկանում, Վալկոյի նման մենեջերները դիտմա՞մբ են վերջը տալիս Ռուսաստան-Հայաստան բեռնափոխադրումներին, դա անում են Հայաստանին վատությո՞ւն անելու համար, թե՞ Ռուսաստանին են վատություն անում, քանի որ այդ մենեջմենտի պատճառով ավելի լավ սկսել է աշխատել ուկրաինական Իլյիչովսկ-Փոթի լաստանավը։ Այ սրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն և ՖՍԲ-ն, թող ստուգեն և տեսնեն, ինչքանով է աճել էքսպորտ-իմպորտ բեռնափոխադրումների աճը երկաթուղով և համեմատեն մինչև 2012թ․ ցուցանիշների հետ։ Թող Վալկոն ներկայացներ Վարչապետին, թե ինչպես վերջ տվեցին երկաթուղային բեռնափոխադրումներով զբաղվող ՀՀ տարածքում գրանցված տասնյակ էքսպեդիտորական ընկերությունների աշխատանքին, որոնք գործարարների հետ իրականացնելով սերտ աշխատանք, մեկ-երկու վագոնների պատվերներ էին ընդունում և այդ ամենի արդյունքում շահում էր նույն երկաթուղին, որը երկաթուղային տրանսպորտով միակ բեռնափոխադրողն է Հայաստանում։ Իսկ հիմա ՀԿԵ-ից հայտարարում են, թե 30 վագոն ունենաք, լաստանավը կաշխատի։ Հարգելի ժողովուրդ, շատ ընկերություններ գիտե՞ք, որ  միանգամից 30 վագոն կարող են պատվիրել։ 30 վագոն բեռ ունենան, միանգամից լաստանավի հետ տեղափոխման պայմանագիր կկնքեն, ՀԿԵ-ն էլ ինչների՞ն է պետք։ Էստեղ տեղին կլինի հիշեցնել Կելպերիսի լկտի արտահայտությունը․ «Երկաթուղով թանկ է փոխադրելը, եկեք բեռնատարներ գնենք, ավտոմեքենաներով բեռները տեղափոխենք»։ Փորձեցինք մի քանի բառով ներկայացնել իրական իրավիճակը բեռնափոխադրումների պահով։ Հարկ եղած դեպքում ավելի լայն կներկայացնենք, թե ինչպես է ՀԿԵ-ի ներկա ղեկավարությունը  իր քաղաքականությամբ խորտակում Հայաստանում երկաթուղու գործունեությունը    

-Ի՞նչ գործողություններ եք ձեռնարկում Դուք, որպեսզի արդարությունը վերականգնվի: Ձեր կարծիքով երկաթուղու թալանի մեջ թաթախված պաշտոնյաները կկրե՞ն իրենց արժանի պատիժը։

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկաթուղու թալանի մեջ թաթախված ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հույս ունեն, որ փախչելով Հայաստանից կարող են խուսափել պատասխանատվությունից, մենք շաբաթը մեկ անգամ նամակներ ենք ուղարկում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմին, և եթե պետք լինի ամեն օր կուղարկենք, և  կհասնե՛նք նրան, որպեսզի այս թալանչիները դատվեն և հայտնվեն այն կալանավայրերում, ուր որ մեզ էին «գործուղում»։ Համոզված եմ, որ ՌԴ-ում կան շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց համար իրենց երկրի և նախագահի արժանապատվությունը ավելի թանկ է, քան վալկոներն ու ռեբեցները՝  Հայաստանից գողացած իրենց միլիոնավոր դոլարներով։ Նրանք պետք է կրեն իրենց արժանի պատիժը, իսկ մեր երկաթուղուց թալանված գումարները ամբողջովին պետք է վերադարձվեն մեր պետությանը։ Այդ կատարված թալանի մասին, թե ինչպես է կողոպտվել երկաթուղու ենթակառուցվածքները Վալկոյի, Ռեբեցի, Դարբինյանի, Ավետիսյանի և մյուսների կողմից,  փաստաթղթերի տեսքով գտնվում են մեր ձեռքի տակ, ու թող հույս չունենան, որ արդարադատությունից կփախչեն։

-Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը երկաթուղին կարգի բերելու և գոնե ժողովրդի նվազագույն պահանջները, կապված երկաթուղու հետ, ապահովելու համար։

-ՀՀ Կառավարության, մասնավորապես ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության կողմից ՀԿԵ-ում ստուգումներ են իրականացվել, որի արդյունքում գրվել է երկաթուղու ղեկավարության և Հայաստանի նախկին իշխանությունների համար մի խայտառակ ակտ, մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողության, ինչպես նաև նախաքննություն է ընթանում ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործերով։

-Իսկ ուրիշ մարմինների կողմից քայլեր ձեռնարկվու՞մ են, օրինակ տրանսպորտի նախարարության կողմից։

-Մեր ունեցած տեղեկության համաձայն ոչ մի քայլ ոչ մեկի կողմից չի ձեռնարկվում, իսկ մեր ունեցած տեղեկությունները, կարելի է ասել, շատ ստույգ են: Կամ ով պետք է իրականացնի ինչ-որ քայլեր, եթե կառավարության ոչ մի կառույցում չկան երկաթգծի լուրջ մասնագետներ, ու կարելի է ասել, որ մեր պետությունը չունի երկաթուղու հետ կապված պետական քաղաքականություն։ Բայց դե այս ամենը ժառանգություն է նախկին իշխանություններից, որոնց կառավարման ժամանակահատվածում հայկական երկաթուղին բռնեց կործանման ճանապարհը: Թե ինչ կկատարվի ապագայում, կյանքը ցույց կտա։ Հույսով ենք մոտ ապագայում կունենանք  գարշահոտությունից զուրկ նոր գնացքներ, նոր ժամանակակից երկաթուղի և նախանձով չենք նայի մեր հարևաններին։ Երկաթուղին մեր պետության ամենառազմավարական ենթակառուցվածքներից մեկն է և տվյալ պրոբլեմի դրական հանգուցալուծումը համարում ենք մեր նոր իշխանության կարևորագույն առաջնահերթություններից մեկը։

Vesti.am