Foto

Ի՞նչ խնդրանքով է Ալիևը դիմել Էրդողանին․պարզաբանում է թուրքագետը

Օրերս Ըստ թուրքական աղբյուրների, Ալիևն Էրդողանից խնդրել է ՀՀ սահմանակից նահանգները հանձնել ազգայնական ուժերին՝ քրդական կուսակցությանը հաղթելու շանսեր չտալու համար։ Թե որքանո՞վ է լուրջ այս տեղեկատվությունը և կարո՞ղ են արդյոք հայերն այս առումով ինչ-որ քայլեր ձեռնարկել (առաջարկեն իրենց թեկնածուին կամ աջակցեն քրդերին) և առհասարակ ինչի՞ց պետք է զգուշանան Թուրքիայում ապրող հայերը թուրք-ադրբեջանական բարեկամական հարաբերություններից Vesti.am-ի հետ զրույցում Թուրքագետ, ՄԱՀՀԻ Ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը նշեց․

-Այո՛, թուրքական մամուլում եղել է նման հրապարակում, ըստ որի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խնդրանքով դիմել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին, որպեսզի վերջինիս «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) թեկնածուներ չառաջադրի Կարսի ու Իգդիրի նահանգներում՝ հօգուտ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) թեկնածուների (ԱԶԿ-ը և ԱՇԿ-ը վերստին ընտրական դաշինքի մեջ են մտել)։ Այդ խնդրանքը բավարարվել է, ԱԶԿ-ը սեփական թեկնածուներ չի առաջադրել երկու նահանգներում՝ հօգուտ ԱՇԿ թեկնածուների։ Այստեղ առաջանում է երկու հիմնական հարց․ ա) ինչո՞ւ է Ալիևը նման խնդրանքով դիմել Էրդողանին, և բ) ինչո՞ւ է Էրդողանը բավարարել այն։ Ալիևի խնդրանքը կապված է միանգամից մի քանի կարևոր գործոնի հետ։

1) Նախևառաջ Ի․ Ալիևը ավելի քան 15 տարի է, ինչ վարում է Հայաստանը շրջափակման մեջ պահելու/խեղդելու քաղաքականություն, իսկ Կարսի ու Իգդիրի նահանգները ոչ միայն սահմանակից են Հայաստանին, այլև գրեթե ամբողջովին «ծածկում են» Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը (Հայաստանի հետ փոքր սահման ունի նաև Արդահանի նահանգը)։ Իգդիրի նահանգն ընդհանրապես Թուրքիայի 81 նահանգներից միակն է, որը սահմանակից է միանգամից երեք երկրի (Հայաստան, Իրան, Ադրբեջան/Նախիջևան)։ Ստացվում է, որ Ի․ Ալիևի համար շատ կարևոր է, որպեսզի այդ նահանգները լինեն «վստահելի ձեռքերում»՝ հանձինս ազգայնամոլների (ԱՇԿ)։ Հաշվի է առնվում, որ այդ նահանգների ԱՇԿ-ական հնարավոր կառավարումը ինքնին կունենա հակահայկական ու ադրբեջանամետ լուրջ ուղղվածություն։

2) Երկրորդ գործոնը կապված է Նախիջևանի հետ, որի համար Իգդիրի ու Կարսի նահանգները հանդիսանում են «պատուհան» դեպի Թուրքիայի մնացյալ հատվածներ, դեպի Եվրոպա և ինչու ոչ՝ նաև դեպի «բուն Ադրբեջան» (Վրաստանի միջոցով)։ Հայտնի է, որ Թուրքիան ազատ առևտրի գոտի է հիմնում Նախիջևանի հետ, ինչը մեծացնելու է սահմանային առևտուրը, առաջին փուլում Կարսի ու Նախիջևանի միջև առևտուրը կազմելու է 100 միլիոն դոլար, իսկ գործարքներն իրականացվելու են թուրքական լիրայով։ Ինչպես հայտարարել էր Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին, Նախիջևանի հետ Կարսի բնակիչների առևտուրը չի տարբերվելու ասենք Էրզրումի (Թուրքիայի մնացյալ քաղաքների) հետ նրանց առևտրից։ Ադրբեջանական կողմի հաշվարկով՝ ԱՇԿ-ական քաղաքապետն ավելի շատ լոբբինգի կենթարկեն Նախիջևանի հետ տրանսպորտային/ենթակառուցվածքային համատեղ նախագծերի իրագործումը։ Սա հիմնականում վերաբերում է «Կարս-Իգդիր-Նախիջևան» երկաթուղու գործարկմանը, ինչը, ի թիվս այլ նպատակների, հետապնդում է Հայաստանը «երկաթուղային աքցանի» մեջ առնելու նպատակ։ Այդպիսով, Կարսը դառնալու է լոգիստիկ կարևոր հանգույց, ինչը մեծացնելու է նրա տարածաշրջանային կարևորությունը։ Այնպես որ այս տեսանկյունից նույնպես կարևորվում է Կարսի ու Իգդիրի նահանգները «հուսալի ձեռքերում» պահելը։

3) Հաշվի է առնվում այն, որ Կարսի ու Իգդիրի նահանգներում ապրում են զգալի թվով ադրբեջանցիներ, որ Կարսում գործում է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն (Ստամբուլից հետո Ադրբեջանի բացած երկրորդ գլխավոր հյուպատոսությունը Թուրքիայում)։ Չի բացառվում, որ Ադրբեջանը հյուպատոսություն կբացի նաև Իգդիրում, որի բնակիչները Նախիջևան այցելելու համար ստիպված են լինում գնալ Կարս և հետ վերադառնալ։ Այդպիսով Կարսի ու Իգդիրի ԱՇԿ-ական հնարավոր կառավարումը նոր հնարավորություններ կբացի այդ նահանգների ադրբեջանական բնակչության առջև, այդ թվում նաև հակահայկական գործունեություն ծավալելու կտրվածքով։ Ադրբեջանը կարող է փորձել ԱՇԿ-ական (հնարավոր) քաղաքապետերի միջոցով մեծացնել ադրբեջանական տարրի առկայությունը Կարսի ու Իգդիրի նահանգներում։

4) Քրդական գործոնը նույնպես կարևոր է թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական կողմի հաշվարկներում։ Վերջին տարիներին թուրքական ու ադրբեջանական մամուլում եղել են մի շարք հրապարակումներ, որ Թուրքիայի արևելյան նահանգներում բախումներ են սկսվել քրդերի ու ադրբեջանցիների միջև, որ քրդերը սկսել են նեղել ադրբեջանցիներին, որ քրդերը ցանկանում են իրենց վերահսկողության տակ վերցնել «Աղրը-Իգդիր-Կարս-Արդահան» կարևոր գիծը։ Նշեմ, որ 2014թ-ից սկսած՝ Թուրքիայում անցկացված բոլոր տիպի ընտրություններում (նաև հանրաքվեում) քրդերը հաղթել են Իգդիրում և 1 անգամ նաև Կարսում (2015թ․ հունիսյան խորհրդարանական ընտրություններ)։ Այսինքն, Կարսի նահանգը որոշակի սեպ է, որպեսզի քրդերը հաղթեն Թուրքիայի արևելյան բոլոր նահանգներում։ Կարսի ու Իգդիրի նահանգներում ԱՇԿ-ական թեկնածուների հնարավոր հաղթանակը կնշանակի դրանցում քրդերի նկատմամբ հալածանքների նոր մեկնարկ, ինչը բխում է թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական իշխանությունների շահերից, որոնց խստապես մտահոգում է վերջին շրջանում քրդական գործոնի դերի մեծացումը տարածաշրջանում (քրդերի առաջիկա հնարավոր հաղթանակը Կարսում ու Իգդիրում)։

Սա կարող է լինել նաև պատճառներից մեկը, թե ինչու է Էրդողանը բավարարել Ալիևի տվյալ խնդրանքը։ Երկրորդ պատճառը կարող էր լինել այն, որ նախորդ տարի Ալիևն էր բավարարել Էրդողանի խնդրանքը, որով «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի բացումն անցկացվել էր նախատեսված ժամկետից շուտ 2018թ․ հունիսի 12-ին, այսինքն` հունիսի 24-ին Թուրքիայում նշանակված արտահերթ խորհրդարանական ու նախագահական չափազանց կարևոր ընտրություններից առաջ։ Դա նշանակում է, որ Ի․ Ալիևն այդպիսով նպաստել է Էրդողանի իմիջի բարձրացմանը և հավելյալ քվեներ ստանալուն (ի դեպ, TANAP գազատարի գործարկմամբ Ադրբեջանը մոտ ապագայում դառնալու է Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարար երկիրը՝ գերազանցելով Իրանը)։
Ինչ վերաբերում է հայերի հնարավոր հակազդմանն ու զգուշանալուն, ապա Կարսի ու Իգդիրի նահանգներում հայեր չեն բնակվում (միգուցե կան ծպտյալ հայեր) և հակազդման միջոցներ ըստ էության չկան։ Թուրքիայում ապրող հայերն էլ հիմնականում կենտրոնացած են Ստամբուլում, և թուրք-ադրբեջանական բարեկամությունն առայժմ կարծես թե էապես չի վնասում նրանց, Ի․ Ալիևը չի թիրախավորել նրանց։ Ալիևի թիրախում կարող են հայտնվել Թուրքիայում ապօրինի աշխատող և բնակվող ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիները, որոնց հնարավոր արտաքսումը Թուրքիայից և ՀՀ վերադարձը կարող են նոր խնդիրներ ստեղծել մեր երկրում։ Սակայն մյուս կողմից էլ նրանք Էրդողանին անհրաժեշտ են՝ համայն աշխարհին ցույց տալու համար իր «լավ, հանդուրժողական» վերաբերմունքը հայերի նկատմամբ։

- Պարոն Գաբրիելյան ըստ որոշ մեկնաբանությունների Կարսի քաղաքապետի ադրբեջանցի լինելու հետևանքն է, որ Կարսի պատմական հայկական շենքերն արդեն տևական ժամանակ է՝ քանդվում են։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ հանգամանքի հետ է կապված Թուրքիայում հայկական մշակութային օջախների քանդում, հիշենք նաև Չարենցի տունը քանդելու հետ կապված վերջերս բարձրացված աղմուկը։ Ի՞նչ հետևանքների կհանգենք, եթե պրոցեսը շարունակակն բնույթ կրի։

Ես տեղյակ չեմ Կարսի ներկայիս քաղաքապետ, Կարսում ծնված Մուրթազա Քարաչանթայի ադրբեջանական հնարավոր արմատների մասին, սակայն տեղյակ եմ, որ նա մշտապես հանդես է եկել ադրբեջանամետ նախաձեռնություններով և շարունակ կողմ է արտահայտվել Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Այստեղ կարևորն անգամ նրա արմատները չեն։ Խնդիրն այն է, որ հայկականի հետ աղերսներ ունեցող կառույցներն ապամոնտաժելու հարցում օրինակ է ծառայել հենց Էրդողանը։ Հիշենք, որ 2011թ․ սկզբին Էրդողանը Սարիղամիշի ճակատամարտի 96-ամյակի կապակցությամբ այցելեց նաև Կարս, «անճոռնի» որակեց այնտեղ գտնվող հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող 25 մետրանոց հուշարձանը, կարգադրեց ապամոնտաժել այն (ապամոնտաժման աշխատանքներն էլ սկսեցին ապրիլի 24-ին)։

2011թ․ հունիսին Թուրքիայում պետք է անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, և Էրդողանը ձգտում էր այդ կերպ բարձրացնել ԱԶԿ-ի իմիջը և հավելյալ քվեներ ապահովել նրան Կարսի նահանգում և ընդհանրապես տարածաշրջանում։ Նմանատիպ գործընթաց ներկայումս շարունակում են ավելի ցածր օղակների մակարդակով, ինչպես ցույց տվեց Չարենցի ենթադրյալ տան ապամոնտաժումը, ուր ամեն տարի ՀՀ-ից այցելում էին հարյուրավոր մարդիկ։ Դա զուգակցվեց «Խոջալուի դեպքերի» ժամկետի հետ, ինչպես նաև հաշվի առնվեց, որ մարտի 31-ին Թուրքիայում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, ինչից հետո Թուրքիայում պետք է գրանցվի 4․5 ամյա ընտրական դադար։ Գործընթացը կարող է լինել շարունակական, եթե ԱՇԿ-ը շարունակի իր հաղթարշավը (2014թ․ ՏԻՄ ընտրություններում Կարսի նահանգում հաղթել է ԱՇԿ-ը)։

 

Հեղինակ: Թամարա Աբրահամյան