Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում առողջապահության ոլորտի շուրջ 15,000 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի:
Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ: Մասնավորապես, առաջարկվում է բուժաշխատողների համար սահմանել սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսված նույն առողջապահական ծառայությունների փաթեթը, բացառությամբ` ամենամյա պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունների: Որոշմամբ նախատեսվում են նաև ապահովագրվճարների հաշվարկման ընթացքում վնասաբերության ձևավորման սկզբունքների հետ կապված փոփոխություններ:









