Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ եզրահանգումներ պետք է անի Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանի հիդրոշահագրգռությունների վերաբերյալ, քանի որ նույն մարդը չի կարող շահագրգռված լինել և՛ ջրի հետ կապված բիզնես ծրագրերով, և՛ ջրային ռեսուրսների պահպանությամբ ու դրանց արդարացի ու արդյունավետ օգտագործմամբ: Այդ մասին Vesti.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդիի քաղաքային թատրոնի ռեժիսոր, լրագրող Հրաչյա Պապինյանը:
Իրավիճակն առավել պարզ ներկայացնելու համար նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ինեսա Գաբայանի ամուսնու ընկերությունը ցանակնում է Լոռու մարզի Հագվի գյուղի Սեդվի գետի վրա ՀԷԿ կառուցել: Ավելին՝ Ինեսսա Գաբայանի հարազատները, կրկին, ըստ մամուլի հրապարակումների, ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում. նրանք ընկերություններ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում և Բուլղարիայում:
Մյուս կողմից էլ՝ տիկին Գաբայանին ՀԿ ոլորտի ներկայացուցիչները հիշում են տարբեր հասարակական քննարկումներից՝ որպես ոլորտի լավագույն մասնագետի, և այդ հմտություններն օգտագործելով՝ նա հագվեցիներին փորձում է համոզել ՀԷԿ-ի կառուցման թույլտվության հարցում:
«Սեդվի գետի վրա նոր ՀԷԿ կառուցելու համար այսօր նույնպես Հագվի գյուղում հանրային լսում էր հրավիրվել: Բայց այն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ շահագործող կողմն այդպես էլ չներկայացավ լսմանը: Նախ՝ նրանք ասացին, թե կուշանան, ապա պարզվեց, որ ավետոմեքենայի հետ խնդիր կա: Մի խոսքով՝ նրանք այդպես էլ չեկան, ինչից հետո գյուղացիներն իրենք նիստ արեցին ու վերահաստատեցին, որ գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն անթույլատրելի է: Արձանագրեցին նիստի արդյուքներն ու որոշեցին գրություն ուղարկել թե՛ Կառավարությանը, թե՛ Բնապահպանության նախարարությանը»,- Vesti.am-ին ասաց Պապինյանը՝ շեշտելով, որ սա արդեն թվով 4-րդ հանրային լսումն էր, որը տեղի չունեցավ:
Մեր զրուցակիցը տարակուսանք հայտնեց նաև՝ եթե գյուղացիների կարծիքը միասնական է ու վճռական, ապա ինչո՞ւ այս ծրագիրը հիմնովին չի կասեցվում: Տեղեկացրեց, որ իրենք ստիպված են լինում հերթապահել գյուղում, որ ընկերության ներկայացուցիչները գողեգող գյուղ չգան, ու 4-5 հոգու հավաքելով՝ իրենք իրենց լսում չիրականանցնեն:
Մյուս կողմից էլ, նկատեց, Օձուն համայնքի ղեկավարն իրենց փոխանցել է, թե կառուցողը խոստացել է ոռոգման շրջանում առաջնություն տալ գյուղատնտեսությամբ զբաղվողներին: «Բայց դա ի՞նչ կերպով են անելու, ի՞նչ մեխանիզմներով. քանի-քանի չորացած գետեր ունենք»,- մտահոգություն հայտենց Հրաչյա Պապինյանն ու ավելացեց, որ ՀԷԿ-ի համար անհրաժեշտ որոշակի շինանյութ՝ խողովակներ և այլն, ընկերության ներկայացուցիչները գյուղ են հասցրել՝ ենթադրելով, թե կարող են հարմար պահ որսալ ու իրենց «սև գործն անել»:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ էլ Հագվիին բնապահպանական մեկ այլ խնդիր էր պատուհասել. «Մուլտի Գրուպ» կոնցեռնը ցանկանում էր այդտեղ ոսկու հանք շահագործել: Բայց քանի որ այդ ժամանակահատածը համընկավ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ, ծրագիրը, կարծես թե, դրական եզրակացություն չստացավ ու չեղարկվեց:
Վրույր Սևակ