Foto

Դրախտավայր Աղավնավանքի, մեղրի օղու և Աղնաբաթի մասին. լուսանկարներ

Դեպի Իջևան գնացող  ճանապարհներից մեկն էլ տանում է Աղավնավանք գյուղ:  Գյուղը փոքր է` ծվարած բարձրադիր անտառների մեջ, բնակչությունը ևս շատ չէ` շուրջ 300 բնակիչ:

38729488_876820675849396_5229166689114914816_n

Բնակավայրը դարերի պատմություն ունի, թեև այսօրվա բնակիչները նոր-նոր են հաստատվել Աղավնավանքում: 1988-ին Ադրբեջանի մի քանի   գյուղերից  բռնագաղթած հայերը հաստատվում են այդ ժամանակ Սալլահ անունն ունեցող գյուղում, 1991-ին այն վերանվանում  են Աղավնավանք:

38742172_504937629929030_2439331606385655808_n

Հյուրընկալ մարդիկ են աղավնավանքցիները. փողոցում անծանոթի նկատեն, անպայման տուն են հրավիրում, գյուղի բարիքներից հյուրասիրում, եթե շատ չեմուչում չանես` մի բարիք էլ անպայման հետդ կդնեն:

38689391_277831409471185_8176972730575355904_n

Ուշադիր նայում են, զննում արտաքինդ, եթե մի փոքր  տարբերվող ես հագնվել, ապա ավելի երկար կնայեն, իսկ եթե գեղեցիկ ես` բազմիցս կշեշտեն այդ մասին:

Պարտադիր հարցերի ցանկ ունեն` «Հավանեցի՞ք մեր Աղավնավանքը», «Կապրեի՞ք մեզ մոտ»,  «Սենց սիրուն բնություն էլի տեսած կա՞ք»:

38693330_1747290915379822_2008809466228637696_n

Ժպտում եմ` չէ, ամենասիրունը ձեր բնությունն է: Պատասխանս գոհացնում է, շտապում են շեշտել, որ ափսոս,  գյուղը ծերացող է, երիտասարդները չեն ուզում մնալ այստեղ. աշխատանք չկա:

Թեև մի մասը, իրոք, ապագան Երևանում է պատկերացնում, բայց կան և այնպիսիք, ովքեր որոշել են այստեղ մնալ, ավելին` ծաղկեցնել   Աղավնավանքը:

Գյուղի գլխավոր առավելությունը, թերևս, աներևակայելի գեղեցիկ բնությունն է` իսկական դրախտ զբոսաշրջիկի համար: 38758755_233704090808896_4408138017802289152_n

Եվ հենց այս հանգամանքն է, որ համախմբել է մի խումբ մարդկանց, ովքեր որոշել են Աղավնավանքը դարձնել զբոսաշրջային կենտրոն:

Օգոստոսի 4-5-ը Աղավնավանքում  տոնական եռուզեռ էր` առիթները երկուսն էին` գյուղի 30-ամյակ և Աղավնականչ տոն:  Տոնակատարությանը գյուղը երկար էր նախապատրաստվել, բոլորի դեմքին ժպիտ էր և աշխատանքից գոհ լինելու զգացում:

Աղավնականչն առաջին անգամ էր անցկացվում, բայց խոստանում է լինել շարունակական:

38698750_2137648486246779_5697969052442427392_n

38672509_222129085170076_137371050039050240_n

Տոնակատարությունը մեկնարկեց  ցուցահանդես-տոնավաճառով, որտեղ բնակիչները ներկայացրել էին իրենց ստեղծած բերքն ու բարիքը:

38664159_497492630678179_4942391031271260160_n

Տեսականին բազմազան էր` գյուղական պանիր, տնական գինի,  անուշահոտ գաթա,  բուժիչ խոտաբույսեր, փայտե քանդակներ,  մեղրի օղի` կարճ ասած,  ամենաբծախնդիր զբոսաշրջիկն անգամ իր համար հետաքրքիր մի բան հաստատ կգտնի:

38808569_239546016706844_8938081488507764736_n

Դե էլ ինչ տոնակատարություն` առանց ազգային երգ ու պարի:

38693366_2119261415061354_6289172851220021248_n

38740255_840500182820341_7148659200866910208_n

Միջոցաման երկրորդ օրը կազմակերպվեց սիրո ուխտագնացություն դեպի Աղավնավանք եկեղեցի:

Վանքը կոչվում է նաև Աղնաբաթ, ավանդազրույցը պատմում է, որ հայ իշխաններից մեկն անհույս սիրահարվում է  Նաբաթ անունով մի գեղեցկուհու, կառուցած եկեղեցին իշխանը նվիրում է հենց նրան:  Սակայն իշխանը երկար չի կարողանում դիմանալ անպատասխան սիրուն, մի օր նա ժայռից ցած է նետվում`  «Ա՛խ,  Նաբաթ» կանչելով:

38747487_1913648865358937_4128091478494806016_n

Եկեղեցին 12-13-րդ դարերի պատմություն ունի, այժմ կիսավեր վիճակում է: Այստեղ է կատարվել  Աղավնավանք գյուղի ամբողջ բնակչության մկրտությունը:

Եկեղեցին զբոսաշրջիկների մշտական այցելությունների վայրն է, մանավանդ որ, գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որը մի իսկական կանաչ դրախտավայր է:

38729512_1743506942369625_2124747843481632768_n

38763049_428517387554273_7128094888863727616_n

Առհասարակ, գյուղում կա ամեն ինչ  զբոսաշրջիկներին գրավելու և  հյուրընկալելու համար:  Հոկտեմբեր ամսին այստեղ կբացվի նաև ավանդական հյուրընկալության տուն,  և Աղավնավանքը կազմ-պատրաստ կսպասի իր հյուրերին:

Ակաթի Վահանյան Լուսանկարները` Դավիթ Մակիչյանի