Foto

ԱԺ-ն կարող է արտահերթ նիստ հրավիրել

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը հունիսի 28-ին Կառավարության նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ  մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» որոշման նախագիծը:

Փոխնախարարը նշեց, որ մինչև հուլիսի 20-ն այս որոշման նախագիծը պետք է հաստատվի, եթե ցանկանում են, որ Հայաստանը մասնակցի այդ ծրագրին։

«Մինչև հուլիսի 20-ը պետք է հաստատված լինի, եթե ոչ՝ մենք այս տարի մասնակցության իրավունք չենք ունենա, և կխախտվի ընդհանրապես  Հայաստանի մասնակցության հարցը»:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ի սկզբանե ցանկություն կար ծրագիրը ներկայացնել արագ վավերացման ԱԺ արտահերթ նիստում:

«Կարծում եմ՝ պետք է հարգենք խորհրդարանականների արձակուրդ գնալը և սահմանված ժամկետները, և այս փուլում կբավարարվենք վավերացման ներկայացնելու մասին որոշմամբ, իսկ վավերացումը կառաջարկենք աշնանը»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով էլ՝ մինչև հուլիսի 15-ը կարող են արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով հանդես գալ, և հնարավոր է, այլ հրատապ հարցեր ևս լինեն:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցը կդիտարկեն: Նա հավելեց, որ այդ թեմայով խոսակցություն է ունեցել ԱԺ նախագահի հետ և պայմանավորվել են, որ մինչև հուլիսի 15-ը կարող են այդպիսի նախաձեռնություն ցուցաբերել, եթե հիմնավորվի, որ դրա անհետաձգելի անհրաժեշտությունը կա:

Vesti.am