Foto

Իրանի հետ Հայաստանի համագործակցության ոլորտներն անսահմանափակ են. Վարդան Ոսկանյան

Այսօր կնքվել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը: Իրանագետ Վարդան Ոսկանյանից Vesti.am-ը հետաքրքրվեց, թե ինչ տնտեսական և քաղաքական հնարավորություններ կտա դա Իրանին, ԵԱՏՄ-ին և հենց Հայաստանին:

-Պարո՛ն Ոսկանյան, քաղաքական և տնտեսական առումով ի՞նչ հնարավորություններ է տալիս այդ համաձայնագիրը:

Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրային գոտու համաձայնագրով Իրանը ցույց տվեց, որ ոչ միայն ԵՄ-ին, որի հետ առանձին լայն բանակցային փուլի մեջ է, այլև ԵԱՏՄ երկրներին՝ այդ թվում նաև Հայաստանին դիտարկում է որպես ավելի սերտ քաղաքական գործընկեր:

Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, որն այս համաձայնագրի մեխն է, ապա տնտեսական առումով համաձայնագիրը կարող է լինել շատ խոստումնալից  թե՛ ԵԱՏՄ երկրների, թե՛ Իրանի համար: Այս ամենի համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ երկիրն է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, նաև այդ ցամաքային սահմանին ստեղծվել է Մեղրու ազատ տնտեսական գոտին, Հայաստանը կարող է որոշակի կամրջի դերակատարություն իրականացնել այս ամբողջ գործընթացում, քանի որ Հայաստանը լրջագույն  ջանքեր է գործադրել, որպեսզի նման համաձայնություն կայանա: Հետևաբար, կարծում եմ, որ լուրջ աշխատանքի պայմաններում մենք միմիայն կարող ենք շահել նման համաձայնագրի կնքումից և Իրանի հետ ոչ միայն երկկողմ ձևաչափով գործակցելու, այլև ԵԱՏՄ-ի շրջանակում լայն հարաբերություններ ունենալու առումով:

-Այս դեպքում, հնարավո՞ր է, որ Իրանը դեպի Եվրոպա բեռնափոխադրումներն իրականացնի Հայաստանի տարածքով:

Մենք ունենք այդ տրանզիտային հնարավորությունները, բայց այստեղ որոշակի խոչընդոտներ կան: Առաջին խոչընդոտը տեխնիկական իմաստով մեր ճանապարհների որակն է: Մենք պետք է հնարավորինս արագ և որակյալ ավարտին հասցնենք Հյուսիս-Հարավ մայրուղին: Երկրորդ խոչընդոտը զանազան տուրքերն են, որոնք կան Հայաստանի տարածքով անցնելու պարագայում, որը, իրանցիների պնդմամբ բավականին բարձր է: Կարծում եմ՝ կարելի է բանակցել իրանցիների հետ և սահմանել այնպիսի սակագներ, որպեսզի Հայաստանը կարողանա այս հարթության մեջ մրցակցել հատկապես Թուրքիայի հետ: Կան նաև ավելի փոքր խնդիրներ, որոնք լուծելի են: Ես միշտ նշել եմ, որ Իրանի հետ համագործակցության ոլորտները, ըստ էության, անսահմանափակ են, բայց պահանջում են զգալի ջանքեր, եռանդուն, օրնիբուն աշխատանք: Եթե այդ աշխատանքները պատշաճ իրականացվեն, մենք կունենանք բավական լայն հնարավորություններ՝ նաև Հայաստանի տրանզիտային կարողությունները Իրանին տրամադրելու համար:

-Որքանո՞վ է հնարավոր, որ դիտարկվի Իրանից էժան գազ ձեռք բերելու հնարավորությունը:

Կարծում եմ՝ Հայաստանի ներքին սպառման պահանջարկը բավարարվում է  ռուսական գազով, որից էժան գազ համենայնդեպս Հայաստանի սահմանին իրանցիները չեն առաջարկում և չեն առաջարկել: Որպես գազային տրանզիտի երկիր Հայաստանը դիտարկվում է Իրանի կողմից՝ Հայաստանով, Վրաստանով՝ սև ծովի միջոցով, դեպի Եվրոպայի ելքի հնարավորություններով: Առայժմ դրա մասին խոսելը, անշուշտ, շատ վաղ է, որովհետև իրանական կողմը չունի համապատասխան ենթակառուցվածքներ և մեր տարածաշրջանի նշված ուղին էլ ենթակառուցվածքների առումով դեռևս չի բավարարում այդ պահանջները: Բայց Հայաստանը գազի փորձնական գործարք իրականացրել է. իրանական գազը վաճառվել է վրացական կողմին: Սա ցուցիչ է առ այն, որ այս ոլորտում էլ Իրանի հետ համագործակցության հեռանկարներ կան: Բնականաբար, այս ոլորտում էլ կարելի է շատ հետաքրքիր գործակցության ձևաչափ ստեղծել Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան՝ հաշվի առնելով այն, որ ռուսական կողմի շահերը Հայաստանի գազային շուկայում շատ մեծ են և առանց այդ շահերը հաշվի առնելու և համադրելու, բավական խնդրահարույց կլինի Իրանի հետ գազային գործարքներ կատարել:

-Այս համաձայնագրից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայաստան-Իրան երկաթգծին:

Հայաստան-Իրան երկաթգիծը պետք է մշտապես մնա մեր օրակարգում, որովհետև այդ երկաթգիծը և վերը նշված ծրագրերը մեզ համար ունեն ոչ միայն տնտեսական նշանակություն, այլև լուծում են աշխարհաքաղաքական խնդիր՝ Հայաստանը թուրք-ադրբեջանական շրջափակումից դուրս բերելու առումով: Երկրորդ՝ լուծում են խնդիր մեր մտայնության մեջ. ցավոք, մեզանում արմատավորվել է կարծիք, որ Հայաստանը փակուղային, մեկուսացման մեջ գտնվող երկիր է, իսկ այս ծրագրերը՝ հատկապես Հայաստան-Իրան երկաթուղին կարող են լուծել այդ խնդիրը: Շատ դեպքերում պետք է նկատի ունենալ, որ մեր տարածաշրջանում մեգածրագրերը շատ հաճախ իրականացվում են ոչ միայն տնտեսական շահավետությունը հաշվի առնելով և նույնիսկ դա հաշվի չառնելով, այլև առաջնահերթ բաղադրիչ դիտարկելով աշխարհաքաղաքական, հոգեբանական գործոնը:

-Իսկ հնարավո՞ր է, որ Իրանն ինքը ձեռնարկի երկաթգծի կառուցումը:

-Իրանցիները հայտարարում են, որ իրենք պատրաստ են իրանական կողմում  իրականացվելիք  ողջ երկաթգծի հատվածը սեփական միջոցների հաշվին կառուցել, բայց չեմ կարծում, որ Իրանն այժմ հնարավորություն կունենա  ներդրումներ կատարել Հայաստանի հատվածում: Այդ ներդրումները մենք պետք է հայթայթենք մեր հնարավորություններով և այդ հնարավորությունների սահմանում պետք է մոբիլիզացնել, ըստ էության, հայության ողջ ներուժը, որովհետև, նորից կրկնեմ, որ այդ ծրագիրը ոչ միայն տնտեսական նշանակության է, այլև ունի կարևոր քաղաքական և հոգեբանական դերակատարություն մեր երկրի զարգացման տեսլականի առումով:

Հեղինակ՝ Մերի Բալասանյան

Vesti.am