Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել. դատախազություն
Դատախազը, 2025 թվականի նոյեմբերի 17-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների՝ Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գ.Ն.-ի և Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գ.Ղ.-ն, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու, Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, սահմանված կարգով նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր:
Ժամը 14:00-ի սահմաններում, Ոսկեհատ բնակավայրի Գ.Լուսավորիչ փողոցի բնակիչ Հ.Ն.-ն, իր տան մոտ հանդիպելով Գ.Ղ.-ին, տեղեկացել է, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր: Հ.Ն.-ն տեղեկացել է նաև, որ վերոնշյալ կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն նախընտրական քարոզչություն կատարելու՝ ընտրողների հետ հանդիպելու նպատակով, նույնպես ժամանելու է Ոսկեհատ բնակավայր: Հ.Ն.-ն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դիտավորությամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն չի մտնելու Ոսկեհատ բնակավայր:









