«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանում 1120 քաղաքացու շրջանում հարցում է անցկացրել: Արդյունքում պարզվել է, որ վերջին ամիսներին նախագահի և կառավարության գործունեության նկատմամբ հասարակության մոտ դրական արձագանքներն աճել են։
Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով ներքաղաքական զարգացումներին վերաբերող «Գարնանային կարճ սրացումներ կամ ով կկատարի կարապի երգը» թեմայով հարցումները, Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, որն նախագահի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 29.6 տոկոսը, կառավարության աշխատանքը՝ 27.6 տոկոսը, ԱԺ աշխատանքը՝ 21.1 տոկոսը:
«Կառավարության աշխատանքի վերաբերյալ դրական գնահատականը բարձրացել է 20 տոկոսից՝ դառնալով 25 տոկոս, երբ Կարեն Կարապետյանը դարձել է վարչապետ։ Այդ ֆոնին նախագահի գնահատականն է որոշ չափով նվազել։ Նախագահի ցուցանիշները դրական վերականգնվել են սկսած 2017-ի նոյեմբերից։ Եթե նոյեմբերին 26.7 տոկոսն էր դրական գնահատում, հիմա 29,6 տոկոսը», - ասաց բանախոսը։
Իշխանություններին վստահում է հարցվածների 4.7 տոկոսը, 20 տոկոսը ավելի շուտ վստահում է, 23 տոկոսը չի վստահում, 47.5 տոկոսն ընդհանրապես չի վստահում։
Ընդդիմությանն ամբողջությամբ վստահում է հարցվածների 4.9 տոկոսը, ավելի շուտ վստահում է 19.3 տոկոսը, ավելի շուտ չի վստահում 26.2 տոկոսը, ընդհանրապես չի վստահում 43.7 տոկոսը։
Հարցին, ում կցանկանային տեսնել վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ից՝ 27.3 տոկոսը պատասխանել է՝ Կարեն Կարապետյանին, 24.8 տոկոսը՝ Սերժ Սարգսանին, 8.6 տոկոսը Վիգեն Սարգսյանին։
Ընդդիմությունից վարչապետի նախընտրելի թեկնածուն ձայների 26.5 տոկոսով Գագիկ Ծառուկյանն է, Նիկոլ Փաշինյանին ձայնը տվել է հարցվածների 15.3 տոկոսը, Ժիրայր Սեֆիլյանին՝ 5.6 տոկոսը, Զարուհի Փոստանջյանին՝ 4.9 տոկոսը, Էդմոն Մարուքյանին՝ 3.1 տոկոսը, Նաիրա Զոհրաբյանին 1.9 տոկոսը։
Vesti.am