«The Intercept» կայքում մարտի 19-ին հրապարակված զեկույցից հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ից ռազմական ծառայություններ մատուցող հայտնի բիզնեսմեն Էրիկ Փրինսը, ով առավել հայտնի է որպես «Blackwater» ընկերության հիմնադիր, աուդիտի է ենթարկվել իր իսկ «Frontier Services Group» (FSG) ընկերության կողմից, ինչի արդյունքում հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ կասկածվելով Ադրբեջանի հետ իր աշխատանքներում ԱՄՆ օրենսդրությունը խախտելու մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արգելվում է հակամարտող որևիցե կողմին զենքի հնարավոր վաճառքը:
Համապատասխան ուսումնասիրությունների շնորհիվ հայտնաբերվել է նաև Ադրբեջանում վերջերս աշխատած մեկ այլ մասնավոր ռազմական ընկերություն՝ «Special Solution» անունով (սեփականատեր՝ Յենս Շլեգել), որի գործունեությունը նույնպես կարող է մի շարք հարցեր հարուցել: Երկու ընկերությունների մասով էլ այժմ ընթանում է հետաքննություն:
Այս ողջ պատմության մեջ մի ուշագրավ հանգամանք կա. Ադրբեջանի հետ սերտ կապերի մեջ գտնվող ընկերությունների նկատմամբ հետաքննություն իրականացնելու ու Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի մեջ առկա է ժամանակային «տարօրինակ» սինքրոնություն, ինչն առնվազն հավանական է դարձնում այն, որ այս ողջ գործընթացի հիմքում կարող են ընկած լինել ոչ այնքան զուտ իրավական գործոններ, որքան՝ աշխարհաքաղաքական: Բանն այն է, որ հետքննություն սկսելու մասին որոշումը, որը, խոստովանենք, ակնհայտ հայամետ քայլ է, իր մեջ կոնկրետ ենթատեքստ է պարունակում. չտեսնել սա ուղղակի անհնար է, հատկապես վերջին շրջանում Արևմուտքից Երևան ուղարկվող համապատասխան ազդանշանների ֆոնին, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով (միայն ԱՄՆ դեսպանատան՝ Բաքվի բողոքի նոտայի կապակցությամբ հնչեցրած պատասխանը բավարար է՝ ասվածում համոզվելու համար):
Այսպիսով, ո՞րն է մասնավոր ռազմական ընկերութունների նկատմամբ հետաքննություն իրականցնելու բուն նպատակը: Առաջին ակնհայտ գործոնը, որ կարող է ընկած լինել սրա հիմքում, Ադրբեջանին համպատասխան ուղերձ հղելու ցանկությունն է՝ զսպվելու, ավելորդ ռազմատենչություն չցուցաբերելու, «չտապալելու»: Սրանով նաև Վաշինգտոնը Երևանին գործնականորեն ի ցույց է դնում այն, թե ինչ մակարդակի կարող են բարձրանալ հայ-ամերիկյան հարաբերութունները, եթե Երևանն ավելի լայն բանա դռներն Արևմուտքի առաջ: Սա, ըստ էության, Հայաստանի անվտանգության երաշխավոր դառնալու պատրաստակամության մասին ազդանշան է նաև Ստեփանակերտին՝ հատկապես Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի ֆոնին: Սրանց զուգահեռ, անկասկած է, նաև, որ ԱՄՆ մասնավոր ընկերությունների նկատմամբ հետաքննություն իրականացնելով մեկ այլ խնդիր էլ է լուծում: Վաշինգտոնի նմանօրինակ հետևողականության ֆոնին ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու անընդունելի իրողությունն է՛լ ավելի ճչացող է դառնում՝ վնասելով հենց Մոսկվայի՝ որպես ՀՀ դաշնակցի իմիջին: ԱՄՆ, չհանդիսանալով Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, չունենալով այն բոլոր առավելությունները, ինչ վայելում է Ռուսաստանն այստեղ, ձեռնպահ է մնում հակամարտող կողմերի միջև առկա պարիտետը խախտելուց՝ նույնիսկ սեփական մասնավոր ընկերությունների նկատմամբ հետաքննություն իրականացնելու գնով: Այնինչ նույն Մոսկվան, հայ-ռուսական եղբայրության մասին խոսելով հանդերձ, պրակտիկորեն բարեկամության ոգուն հակառակ քայլեր է իրականացնում՝ փորձելով այդպսիով իր ազդեցության տակ ներքաշել նաև Ադրբեջանին՝ հակառակ նույն ԱՄՆ-ի, որը պատրաստ է հանուն արդարութան ստվերել նաև Բաքվի հետ ունեցած հարաբերությունները: Ահա այն տրամաբանությունը, որն, ըստ էության, ընկած է այս ողջ պատմության հիմքում:
Կանի՞ արդյոք, Երևանը համապատասխան հետևություններ, դժվար է ասել, բայց այն, որ ԱՄՆ կողմից իրականացվող նմանատիպ քայլերը միմիայն ուժեղացնելու են տարածաշրջանում ռուս-ամերիկյան մրցակցությունը, փաստ է:
Էռնեստ Ջանփոլադյան