Գյումրիից գրեթե սենսացիոն լուր է ստացվել. Իսրայելական «Լոջիստիք էֆ թի զի» ընկերությունը պատրաստվում է Հայաստանի՝ իր նշանակությամբ երկրոդ քաղաքում ազատ առևտրի գոտի ստեղծել ու դուրս գալ ԵԱՏՄ շուկա: Ընդ որում, Գյումրիում արտադրական գործունեություն են ծավալելու ոչ միայն իսրայելական, այլև, ինչպես հաղորդվում է, համաշխարհային մի շարք հայտնի ընկերություններ: Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորի խոսքերով՝ ծրագրի նպատակն է ստեղծել ազատ առևտրի գոտի հիմնականում լոգիստիկ գործառույթ իրականացնող ընկերությունների, խոշոր ցանցային ընկերությունների համար, որոնք գալիս են էլեկտրոնային առևտրի ոլորտից: Նաև ընկերություններ կգան, որոնք զբաղվում են դեղերի փաթեթավորմամբ կամ կենցաղային ու էլեկտրոնային սարքավորումների հավաքմամբ, դրանք խոշոր միջազգային ընկերություններ են, որոնք ունեն իրենց մասնաճյուղերն աշխարհի տարբեր երկրներում:
Թե ինչ կարող է այս ֆանտաստիկ պլանը նշանակել Հայաստանի ու, մասնավորապես, աղքատության ճիրաններում հյուծվող Գյումրիի համար, երկար-բարակ բացատրելը, կարծում ենք, ավելորդ է. սա յուրատեսակ փրկության ծրագիր կարող է դառնալ ոչ միայն Շիրակի մարզի, այլև ցամաքած տնտեսությամբ Հայաստանի համար, որն, ինչպես հայտնի է, ճիգ ու եռանդ չի խնայում՝ ինք զինքն աշխարհին մատուցելու որպես երկխոսության անփոխարինելի հարթակ, դեպի ԵԱՏՄ շուկա դուրս գալու բացառիկ պլացդարմ և այլն: Եթե իրականություն դառնա այն, ինչի մասին խոսում են իսրայելացիները, ապա վստահաբար կարող ենք ասել, որ ականատես ենք դառալու վերջին տասնամյակների խոշորագույն տնտեսական ծրագրի իրականացմանը Հայասանում՝ դրանից բխող բոլոր սոցիալ-տնտեսական դրական հետևանքնրով:
Հարցը, սակայն, այստեղ մեկ այլ բանում է. ինչո՞ւ է հենց Իսրայելն ստանձնել նման առաքելություն, ինչո՞ւ հանկարծ իսրայելական արտաքին քաղաքականության մեջ երբևիցե որևէ էական տեղ չզբաղեցնող Հայաստանը հանկարծ դիտակրվում է՝ կարևոր պլացդարմ, ի՞նչ իրական դրդապատճառներ են այս ամենի հետևում թաքնված և, որ ամենկարևորն է, կա՞, արդյոք, վտանգ, որ նման քայլերի պատճառով Հայաստանը ակամա կարող է հայտնվել հարվածի տակ:
Պատահակա՞ն է, թե՞ ոչ, պարզ զուգադիպությո՞ւն է, թե՞ հստակ պլանավորված քայլ, փաստ է, որ սրան գրեթե զուգահեռ տեղի է ունենում Իրանի պաշտպանության նախարարի այցը՝ Բաքու, որի ընթացքում, ինչպես հաղորդվում է, կողմերը քննարկել են երկկողմ ռազմական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Այսպիսով՝ եթե փորձենք մի փոքր խորաթափանց գտնվել, ապա դժվար չի լինի հասկանալը, թե իրականում ինչ պրոցես է տեղի ունենում Հայաստանի շուրջ: Նախ ակնհայտ է, որ Հայաստանը, որպես սուվերեն երկիր, այսօր գրեթե լիովին կորցրել է իր իմունիտետն ու կատարելապես գտնվում է արտաքին կառավարման տակ: Սա հստակ է, ու երկրորդ կարծիք լինել սրանում ուղղակի չի կարող: Եթե փորձենք մի բառով բնութագրել տեղի ունեցողն, ապա պետք է ասել, որ ականատես ենք դառնում ուժային որոշակի կենտրոնների կողմից Հայաստանի համար մղվող յուրատեսակ մրցակցային պայքարի. գործի է դրվում ինչպես կարկանդակի, այնպես էլ մտրակի քաղաքականությունը: Իսրայելը, որն իր առջև հստակ նպատակ է դրել՝ կտրել Հայստանն Իրանից, ջանք չի խնայում Հայաստանին սիրաշահելու համար, փոխարենն Իրանը հստակ ուղերձ է հղում Երևանին՝ «չխաղալ կրակի հետ», որի արձագանքները պետք է տեսնել ինչպես Իրանի դեսպանի հայտնի ելույթում, այնպես էլ երևի թե պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցի ու դրա ընթացքում քննարկված հարցերի բովանդակության մեջ: Այսպիսով՝ Հայաստանն այսօր կանգնած է հստակ ընտրության առաջ՝ շատ իմաստներով զուրկ լինելով, սակայն, ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունից: Եթե Երևանը փոխում է արտաքին քաղաքականության ներկա վեկտորը, ապա տնտեսության հետ կապված խնդիրներն արագորեն ու էֆեկտիվորեն լուծվում են, փոխարենը, սակայն, հարցականներ են առաջանում՝ ավտանգության հետ կապված: Իսկ եթե մնում ենք միևնույն գծի մեջ, ապա տնտեսական առաջընթաց ակնկալելն այս պարագայում պարզ ուտոպիայի է վերածվում. ո՛չ Իրանը, ո՛չ էլ Ռուսաստանը միլիարդանոց ներդրումներ այստեղ երբեք չեն կատարելու (փոխարենը նույն Իրանը հսկայական ներդումներ է անում Ադրբեջանում՝ ճանապարհներ ու երկաթուղիներ շահագործելով և այլն):
Իհարկե, միգուցե ոմանց կարող է թվալ, թե մեծ ցանկության դեպքում մենք կարող ենք խելացի գտնվել ու «յոթը մոր կաթ ուտել», բայց պետք է հաշվի առնել այն, որ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքկան ներկա կացությունը երկխոսության համար շատ քիչ տեղ է թողնում, որքան էլ դա գիտակցելը մեզ համար տհաճ ու անցանկալի լինի:
Չափազանց նուրբ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի շուրջ, որից ինչ-որ կերպ պետք է գլուխ հանել:
Հրանտ Դալլաքյան