Foto

Նախարարությունը գերակատարել է հարկերի հավաքագրման ցուցանիշը. Արամյան

«2017 թվականին մեր առջև խնդիր էինք դրել, որ գնանք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի: Այսինքն որոշակի պահպանողական վարքագիծ դրսևորենք ծախսերի կատարման առումով, որպեսզի կարողանանք, ունակ լինենք պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպերը դանդաղեցնենք, ինչը մեզ հաջողվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ 2018 թվականին նախատեսել են պարտք/ՀՆԱ ցուցանիշն իջեցնել:

Արամյանի խոսքով՝ նախարարությունը պատք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպն էապես կրճատել է և 2018 թվականի շուրջ 1 տոկոսային կետով այդ ցուցանիշը կնվազեցվի, եթե ամբողջովին կատարվի բյուջեի շրջանակը՝ հարկերի և ծախսերի տեսանկյունից:

«Կառավարության պարտքը 2017 թվականին գնահատվում է  շուրջ 54,5 տոկոս և շուրջ 1 տոկոսային կետով մենք այն կնվազեցնենք 2018-ի վերջին»,-ասաց նա:

Նախարարը նշեց է, որ պետք է իրականացնել հարկաբյուջետային այնպիսի քաղաքականություն, որպեսզի հարկերի հավաքագրման միջոցով տնտեսության մեջ խողումներ չմտցվեն, քանի որ ամեն դեպքում տնտեսական աճն ստեղծում են տնտեսվարողները:

Արամյանը նաև շեշտեց, որ նախարարությունը գերակատարել է հարկերի հավաքագրման ցուցանիշը:

«Նախատեսված 1.135 տրիլիոն դրամի փոխարեն հաջողվեց 1.156 տրիլիոն դրամ հարկ հավաքել: Դրանից 6 մլրդ դրամն աշխատող քաղաքացիներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ փոխանցվող ամսական 1000 դրամներից էր կազմված: Սակայն եթե դա էլ հանում ենք, ապա 1.150 տրիլիոն հարկային եկամուտ ենք ապահովել։ Դա  գնահատված ՀՆԱ-ի մեջ շուրջ 0.3-0.4 տոկոս է կազմում»,-ասաց նա:

Անդրադառնալով ծախսերին՝ Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ  ծախսերը նախորդ տարի ևս գերակատարվել են՝ շուրջ 100 մլրդ դրամով:

«Կարևոր մեխն այն է, որ 30 մլրդ դրամով թերակատարվել են ընթացիկ ծախսերը, և ավելի մեծ շեշտադրում է կատարվել կապիտալ ծախսերի առումով: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի, նախևառաջ, կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովենք, երկրորդ՝ հենքեր ստեղծենք տնտեսական աճի ոչ թե 3-4 տոկոս, այլ ավելի բարձր շրջանակ ունենալու համար: Ինչո՞ւ է պետք ավելի բարձր, որովհետև մի քանի անգամ շեշտել ենք, որ մեր առջև ունենք ծառացած շատ կարևոր սոցիալական խնդիրներ: Ակնհայտ է, որ չենք կարող անընդմեջ՝ 5 կամ 10 տարի, չխոսել թոշակների բարձրացման մասին: Դա ճիշտ չէ, բայց մյուս կողմից պետք է վստահ լինենք, որ մեր տնտեսությունն ունի կայուն աճի տեմպեր, մենք ունակ ենք սեփական եկամուտների գեներացման միջոցով պերմանենտ բարձրացնել թոշակները: Բան այն է, որ բյուջեն ու տնտեսությունն արկածախնդրություն չեն սիրում»,- ընդգծեց Վարդան Արամյանը:

Vesti.am