ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որի մեկնարկը նախատեսվում է տալ 2018 թվականի ընթացքում։ Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը ներկա էին IFAD-ի Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի պատասխանատուներ:
Ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն ու գյուղատնտեսության զարգացումը, ներկայացրել է հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը:
Ներկայացման ընթացքում շեշտվել է, որ COSOP ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, միտված է աջակցելու Հայաստանում կայուն և համընդգրկուն գյուղատնտեսության փոխակերպմանը և առաջիկա 6 տարիների ընթացքում կհանդիսանա ռազմավարական ուղեցույց գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալ ներդրողների համար:
Vesti.am









