Դեկտեմբերի 12-ին՝ Երևանում տեղի ունեցավ ArmMall.am ստարտափի շնորհանդեսը։ Սա հայաստանյան առաջին օնլայն հարթակն է` մասնագիտացած հագուստի, կոշիկի և աքսեսուարների վաճառքի ու առաքման մեջ: Գաղափարի հեղինակները Երևանի բնակիչներին առաջարկում են առանց խանութ այցելելու՝ ArmMall.am կայքի միջոցով ծանոթանալ Երևանի տարբեր առևտրի կենտրոններում գործող հագուստի ու կոշիկի բրենդային խանութների տեսականու հետ և առանց տնից դուրս գալու՝ պատվիրել նախընտրած ապրանքը: Կազմակերպիչները, ներկայացնելով այս հարթակի ստեղծման դրդապատճառները, նշեցին, որ այս կերպ մեր համերկրացիները հնարավորություն են ստանում խնայել թե՛ ժամանակ, թե՛ հավելյալ միջոցներ, քանզի այսպիսով խուսափում են խանութից խանութ անցնելու հոգնեցուցիչ գործընթացից, խցանումներից և ավտոկայանատեղի փնտրելու նյարդային գործից:
«Տանը կամ գրասենյակում նստած` յուրաքանչյուր ոք կարող է պատվիրել իր հավանած հագուստը կամ կոշիկը` միանգամից երեք չափսի և մինչև երեք տեսակի: Հանրության համար հաճելի անակնկալ կլինի առաքման անվճար լինելու փաստը և չափսի կամ ցանկացած այլ անհամապատասխանության դեպքում հետվերադարձի պրակտիկան՝ առանց լրացուցիչ պարտավորությունների»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց ArmMall.am-ի PR տնօրեն Մհեր Խուդավերդյանը:
«Առաջիկայում խանութների ցանկը կընդլայնվի։ Մեր նպատակն է հասնել նրան, որ կայքում մարդիկ կարողանան գտնել իրենց հայտնի բոլոր խանութների տեսականին ու առանց ժամանակ ու նյարդեր վատնելու գնել՝ իրենց ուզած ապրանքը»,-հավելեց Մհերը:
Ըստ ArmMall.am-ի հիմնադիրների՝ առայժմ գործում է կայքի միայն վեբ տարբերակը, բայց առաջիկայում կստեղծվի նաև բջջային հավելված, որով կայքը կդառնա ավելի հասանելի ու կիրառելի:
https://www.youtube.com/watch?v=SR2MhZjFV8kVesti.am