Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը:
Պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազի արտանետվող CO2 գազը:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար տրամադրվել է 7 մլն եվրո վարկ` ԵՆԲ-ից, 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P) և 1 մլն եվրո դրամաշնորհ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամից: