Հայաստանում գործնականում երբեք նորմալ հարկային դաշտ չի եղել, ինչով էլ, բայց իհարկե ոչ միայն, բացատրվում է տնտեսության այսչափ վատթար վիճակը: Չգիտես ինչու Հայստանի ոչ մի կառավարության երբևիցե չի հաջողվել այնպիսի հարկային օրենսդրություն ընդունել, որը կլիներ հավասարակշռված, չէր խեղդի ՓՄՁ-ներին, միևնույն ժամանակ բյուջեն լցնելու առաքելությունը կվերապահեր ոչ թե ասենք «բուդկաներին» կամ սննդի փոքր խանութներին, այլ նրանց, որոնց ձեռքում է գտնվում Հայաստանի Հանրապետության նյութական հարստության առյուծի բաժինն ու որոնք հասարակությանը հայտնի են «օլիգարխ» անունով:
Ինչպես հայտնի է, Կարապետյանի կառավարությունը նոյեմբերի 23-ին հավանության է արժանացրել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը շուտով ներկայացվելու է Ազգային ժողովի դատին: Նկատենք, որ Կառավարությունը դեռևս նախորդ տարի էր համապատասխան փոփոխություններ նախաձեռնել նույն օրենսգրքում, որոնք, սակայն, դեռևս ուժի մեջ չեն մտել:
Այսպիսով` գլխավոր հարցը, որ այժմ հնչում է, հետևյալն է` որքանո՞վ են փոփոխություններն ու հարկային օրենսգրքում տեղ գտած նորույթները նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս հարցի պատասխանը, ցավոք, հուսադրող չէ. նույնիսկ հպանցիկ հայացքն է բավարար նկատելու, թե ինչ խութեր ու բացթողումներ, վիճելի կետեր ու թաքնված սպառնալիքներ են պարունակվում շուտով ԱԺ օրակարգ մտնող այդ փաստաթղթում: Մասնավորապես` պարզվում է, որ նախագծով կրկին նախատեսվում է ծանրացնել փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը: Ինչու՞ են մասնավորաբար, նախատեսել հանրային սննդի ոլորտից 2018 թ. հունվարի 1-ից գանձել 10% շրջանառության հարկ: Բացի այդ` ավելացված արժեքով հարկվելու շեմը, որը նախատեսված էր 58 մլն դրամից իջեցնել 115 մլն դրամի, մեկ տարով հետաձգվել է: Մեկ այլ խնդրահարույց դրույթ է եկամտային հարկում որոշ դրույքաչափերի փոփոխությունը: Եթե նախկինում 26%-ով հարկվում էր մինչև 2 մլն դրամ ունեցողն, ապա այժմ մինչև 1 մլն դրամ եկամուտ ստացողը հարկվելու 28%-ով: Իսկ 1 մլն դրամից ավելի եկամուտ ունեցողը կհարկվի 33-ով:
Իրականում բոլորին էլ հասկանալի է, որ Հայաստանի բյուջեի գոյացման հարցում հարկերը խիստ վճռորոշ նշանակություն ունեն. բյուջեն մեզանում հենց հարկերի շնորհիվ է էապես գոյանում, ինչը նշանակում է, որ մեծագույն ցնկության դեպքում անգամ, Հայաստանը չի կարող կտրուկ կերպով նվազեցնել հարկային բեռը, քանի որ այդպիսով բյուջեն ուղղակի կթերակատարվի: Հարկային դաշտի բարեփոխումը մեզանում աստիճանաբար պետք է կյանքի կոչվի, սակայն կայուն դրական դինամիկայով, ու պետք է գա մի պահ, երբ այլևս բիզնես դնելը հայաստանցու համար չպետք է դառնա ֆանտաստիկ երազանքի պես մի բան: Սակայն ամբողջ խնդիրը հենց նրանում է, որ այդ դրական դինամիկան մեզանում ոչ մի կերպ նկատելի չէ: 25 տարի է` հռչակված ենք ազատ շուկայական հարաբերություններ կառուցող երկիր, սակայն 25 տարի շարունակ դոփում ենք տեղում ու հարկային դաշտը բարեփոխելու փոխարեն այն դեգրադացնում ենք: Իսկ երբ այս անշեղ պրոցեսին գումարում ես մի շարք այլ սուբյեկտիվ գործոններ, որոնք էապես թուլացնում են Հայաստանի գրավչությունը, ապա պարզ է դառնում, թե ինչու է բնակչության մեծ մասը փաստացի աղքատության մեջ ապրում: Այնպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ մեկը դիտմամբ է այս ամենն անում` Հայաստանին մեջտեղից դուրս բերելու, մեր երկրի մրցունակությունն աշխարհում թուլացնելու և նմանատիպ այլ մութ նպատակների համար…
Մեկ բան բոլորին պետք է պարզ լինի` տնտեսությունն այնքան ժամանակ է այսպես խեղդված մնալու, քանի դեռ հարկային դաշտը վերջնականապես չի կարգավորվել, քանի դեռ կառավարության թիրախում ոչ թե ստվերում թրփոշացող խոշորներն են, այլ մանրն ու միջինը: Չնայած քաղաքականություն մշակողներին ու այն իրականցնողներին էլ է պետք հասկանալ. պարբերաբար պետք է վերարտադրվել, իսկ առանց խոշորների միլիոնների, ոչ մի կերպ չի ստացվում:
Էռնեստ Ջանփոլադյան