Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում նկատվող թանկացումներին: Բանախոսի գնահատմամբ, երևույթն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ:
«Մոնոպոլ նկրտումները և օլիգոպոլ ցանկությունները Հայաստանում գերակայում են, ինչը բերում է մի շարք բացասական հետևանքների, ինչպես օրինակ՝ ապրանքների գների բարձրացման: Տնտեսվարողները մշտապես շահ են հետապնդում: Հայաստանը կոլապսային վիճակում հայտնված երկիր է»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանում լուրջ խնդիր է ստվերային տնտեսությունը:
Ինչ վերաբերում է 2018-ի պետական բյուջեի նախագծին, Վարդան Բոստանջյանը կարծում է, որ այն նախորդ տարիների նման բյուջե է: Նրա դիտարկմամբ, դեռևս չենք կարողացել ձեռնամուխ լինել ծրագրային բնույթի բյուջետավորման:
«Սոցիալական ծախսերը չափազանց մեծ են: Բյուջեի մեծամասնությունը գտնվում է կենսաթոշակների, առողջապահության, կրթության ոլորտներում»,-ասաց նա:
Խոսելով պետական պարտքից, Վարդան Բոստանջյանը նկատեց, որ այն շատ շուտով կարող է հատել վտանգավոր շեմը:
«Այս պարագայում խնդիր է, թե որքան արդյունավետ կօգտագործվեն այդ միջոցները»,-եզրափակեց տնտեսագետը:
Vesti.am