Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը հինգշաբթի գիշերվանից կաթվածահար է համակարգչային ծրագրի խափանման պատճառով, ինչի հետևանքով 22 չվերթից ութն իրականացվել է 3-4 ժամ ուշացումով:
Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը: Խնդիրը, ըստ ծառայության, ծագել է ուղևորների և ուղեբեռի Էլեկտրոնային գրանցման ծրագրում, ինչի պատճառով այդ գործողություններն արվում են ձեռքով, ինչը շատ ժամանակ է խլում:
«Արդյունքում, գիշերվա ժամը 2-ից մինչ այժմ ուշացումներով են կատարվել թռիչքները Ստամբուլի, Մյունխենի, Աթենքի, Վարշավայի, Կիևի, Դուբայի, Անթալիայի, Շարժայի ուղղությամբ», - ասել են մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ այժմ աշխատանք է տարվում ծրագրային խափանումը վերացնելու համար, ինչը մասնակիորեն առաջացել է այն բանի պատճառով, որ օդանավակայանում շուտով գործարկվելու է նոր մարդատար տերմինալ և իրականացվում է համակարգչային ծրագրերի վերանայման գործընթաց: Թբիլիսիի օդանավակայանի օպերատորը TAV Urban Georgia թուրքական ընկերությունն է: