Foto

Որքան գումար է հատկացվում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին և ինչ գործառույթներ են դրանք իրականացնում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական  կոմիտեն հայտարարություն տարածեց, որ մարզերում կավելանան զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները և զբոսաշրջային զարգացման տարեկան ծրագրի շրջանակներում նախատեսված է պետական աջակցություն թվով 5 զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնների: Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի հետ:

-Պարո՛ն Ապրեսյան, այսօր նմանատիպ քանի կենտրոն կա:

Այսօր տարբեր մարզերում արդեն գործում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, որոնց մի մասը համագործակցում է Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ: Օրեր առաջ հանդիպում կազմակերպեցինք մարզերում գործող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, ինչպես նաև համայնքային ղեկավարների հետ: Պետք է նշեմ, որ այսօր այդ կենտրոնների դերը  զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվությամբ և զբոսաշրջիկների հետ հետադարձ կապի ապահովելն է: Մենք զբոսաշրջիկներին տալիս ենք իրենց համար անհրաժեշտ տեղեկատվությունը և նրանցից ստանում մեզ համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ կարծիքների, խորհուրդների, առաջարկների տեսքով, ինչն արդյունավետ կլինի մեր քաղաքականության մշակման և իրականացման համար: Իսկ երբ ունենում ենք տեղեկատվական կենտրոնների համակարգ, ինչը շատ կարևոր է, մենք այդ գործընթացն իրականացնում ենք միասնական:

-Այդ տեղեկատվական կենտրոնների հիմնական գործառույթը տվյալ մարզի մասին տեղեկատվություն հաղորդելն է՞:

Տեղեկատվական կենտրոնների համակարգը պետք է տեղեկատվություն տրամադրի Հայաստանի, մեր երկրի զբոսաշրջային արդյունքի, հնարավորությունների մասին և առանձնահատուկ՝ տվյալ մարզի մասին:

-Այդ տեղեկատվության մեջ մտնում է՞ օրինակ տվյալ մարզի ավանդույթների խոհանոցային առանձնահատկություննների,    գնային քաղաքականության մասին:

Իհարկե, կենտրոնները զբոսաշրջիկներին տեղեկացնում են նաև թե տվյալ տարածքում որտեղ ինչ ուտել, ինչ գնով, ինչ հետաքրքիր միջոցառումներ, մշակությանին կենտրոններ կան և այլն:

-Այսօր քանի՞ մարզում քանի՞ նմանատիպ կենտրոն ունենք:

Ունենք Կոտայքում, Սյունիքի  մազրում՝ Գորիսում, Տաթևում, քննարկվում է նաև Մեղրիում ունենալու հարցը, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Գյումրիում կլինի:

-Իսկ կենտրոնները սեզոնային ե՞ն:

Ոչ, գործում են տարվա բոլոր եղանակներին, սեզոնային միայն Սևանինն է, որն արդեն 3 տարի է գործում է:

-Ծրագրին ինչքա՞ն գումար է հատկացվում:

Պետական աջակցության շրջանակներում յուրաքանչյուր կենտրոնի հատկացվում է 1.8 մլն դրամ, իսկ սեզոնային կենտրոնին 900 հազար դրամ, որը հիմնականում ծախսվում է աշխատողներին աշխատավարձ տալու վրա: Այս տարի նախատեսված է 5 կենտրոնի  ֆինասական և մեթոդական աջակցություն ցուցաբերել:

Դուսյա Ղազարյան

Vesti.am