Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է այն տեղեկությունները, թե Անկարան իբր աջակցում է Իրանի վրա հարձակումներին՝ ընդգծելով, որ երկիրը չի մասնակցում այնպիսի հակամարտությունների, որոնց կողմ չի հանդիսանում և իր ռազմական ենթակառուցվածքները չի տրամադրում որևէ պետության շահերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանը կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը։
«Որոշ սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե Թուրքիան աջակցում է Իրանի վրա վերջին հարձակումներին, լիովին անհիմն են և ապատեղեկատվություն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թուրքիան իր օդային, ցամաքային կամ ծովային ուժերը, այդ թվում՝ օդային տարածքը, օպերատիվ նպատակներով որևէ կողմի չի տրամադրում, ինչը երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության հիմնարար սկզբունքներից է։
Կառույցից նաև ընդգծել են, որ Թուրքիայի ինքնիշխան իրավունքները օդային, ցամաքային և ծովային տարածքի նկատմամբ լիակատար և անվիճելի են, և այդ տարածքների վերաբերյալ ցանկացած որոշում կայացվում է բացառապես ազգային անվտանգության գնահատականների հիման վրա և լիազոր մարմինների հսկողության ներքո։









