Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է Իրանի հրթիռային հարվածներն իր տարածքին՝ այդ գործողությունները համարելով ազգային ինքնիշխանության, միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության ակնհայտ խախտում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։
Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է ԱՄԷ-ի լիակատար համերաշխությունն ու անսասան աջակցությունը տարածաշրջանի այն երկրներին, որոնք տուժել են այդ հարձակումներից՝ ընդգծելով, որ նրանց անվտանգությունն անսակարկելի է, և որ ցանկացած պետության ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգություն ուղղակի սպառնալիք է ամբողջ աշխարհի անվտանգության և կայունության համար:
ԱՄԷ-ն կտրականապես մերժել է տարածաշրջանի պետությունների տարածքները որպես վեճերի կարգավորման կամ հակամարտության մասշտաբների ընդլայնման ասպարեզ օգտագործելու փորձերը՝ նախազգուշացնելով շարունակվող խախտումների լուրջ հետևանքների մասին, որոնք խաթարում են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը և սպառնում գլոբալ տնտեսական կայունությանն ու էներգետիկ անվտանգությանը:
ԱՄԷ-ն կրկնել է զսպվածության և դիվանագիտական լուծումներին ու լուրջ երկխոսությանը դիմելու իր կոչը՝ ընդգծելով, որ այն շարունակում է մնալ ներկայիս ճգնաժամի հաղթահարման և տարածաշրջանային անվտանգության, կայունության ապահովման ամենաարդյունավետ ճանապարհը: ԱՄԷ-ն ընդգծել է, որ իրենք պահպանում են այդ հարձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունքը այնպես, որ պաշտպանեն իրենց ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ապահովեն իրենց քաղաքացիների և մշտական բնակիչների անվտանգությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան:
«ԱՄԷ-ն ոչ մի դեպքում չի հանդուրժի որևէ վնաս իր անվտանգությանը կամ ինքնիշխանությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Արաբական Միացյալ Էմիրություններն իր խորին ցավակցությունն է հայտնել իր տարածքում Իրանի հարվածների հետևանքով զոհված Պակիստանի քաղաքացու ընտանիքին՝ ընդգծելով, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները անվերապահորեն դատապարտվում և խստիվ արգելվում են միջազգային իրավունքով և մարդասիրական սկզբունքներով:
Փետրվարի 28-ին ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողությունների՝ Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի ռազմական բազաներին։









