Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում մայիսի 16-ին տեղի ունեցած եզրափակիչ խաղում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել է առաջին տեղը:
Եզրափակիչ հանդիպման ժամանակ Արցախի թիմը հանդիպել է ՌԴ Պյատիգորսկի թիմի հետ և 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարել:
«Արցախպրեսի» հետ զրույցում, Արցախի թիմի ղեկավար Կարեն Վանյանը նշել է, որ մրցաշարի ընթացքում մեր տղաները խփել են 23 և բաց թողել ընդամենը 1 գնդակ՝ ճանաչվելով լավագույն թիմ: Բացի դրանից, Արցախի թիմից մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լևոն Մկրտչյանը, լավագույն հարձակվող՝ Արսեն Սարկիսյանը (9 գոլ) և լավագույն դարպասապահ՝ Ալեքսանդր Մելքումյանը:
Մրցաշարին մասնակցում էին 9 թիմ՝ Աբխազիայից, Արցախից, Հարավային Օսիայից և Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։









