Էջմիածին քաղաքում Հանրապետության նախագահը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և այլ հյուրերի մասնակցությամբ ներկա է գտնվել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը: Շուրջ 900 մլն դրամ արժողությամբ հիշյալ ծրագրի իրականացումն սկսվել է 2016թ. հոկտեմբերին, նախատեսվում է ավարտել 2017թ. հոկտեմբերին:
Հանրապետության նախագահն ակադեմիայի կառուցման շինհրապարակում ծանոթացել է Վաղարշապատի և մարզի մեկ այլ՝ Արմավիր քաղաքում կառուցվող ֆուտբոլի ակադեմիայի շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Նրանց հավաստմամբ, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի 1100 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքում կլինեն ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ: Բացօթյա լողավազանը, արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը կառուցվելու են ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահմանված չափանիշներին համապատասխան: Կկառուցվի նաև մոտ 500 նստատեղով տրիբունա՝ ֆուտբոլի առաջնությունների պաշտոնական հանդիպումներ հյուրընկալելու նպատակով: Նորակառույց ակադեմիան աշխատանքով կապահովի 25-30 մարդու՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է նաև, որ ընթացիկ տարվա փետրվարին մեկնարկած շուրջ 1.4 մլրդ դրամ արժողությամբ Արմավիրի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը կավարտվի 2019թ. հոկտեմբերին: Այն ևս ՀՖՖ-ի, ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է:









