Foto

Հռոմի պապը հույս ունի, որ Ուկրաինայի հարցով երկխոսություն կհաստատվի կողմերի միջև

Հռոմի Լևոն XIV պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված իր ավանդական Սուրբ ծննդյան ուղերձում հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ և անկեղծ երկխոսություն կհաստատվի՝ հակամարտության կարգավորման համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մենք աղոթում ենք ուկրաինացի ժողովրդի համար. թող դադարի զինված դիմակայությունը, թող ներգրավված կողմերը միջազգային հանրության աջակցությամբ իրենց մեջ քաջություն գտնեն անկեղծ, ուղիղ և հարգալից երկխոսության մասնակցելու համար», – ասել է քահանայապետը Urbi et orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձում։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը նաև միասնության կոչ է արել Եվրոպային՝ ընդհանուր քրիստոնեական արմատների և պատմության ոգով։«Մեզ համար խաղաղությունը Հիսուս Քրիստոսի մեջ է։

Ամենից առաջ, որովհետև Նա ազատում է մեզ մեղքից, որովհետև Նա ցույց է տալիս մեզ հակամարտությունների՝ բոլոր հակամարտությունների՝ ինչպես միջանձնային, այնպես էլ միջազգային, հաղթահարման ուղին։ Առանց մեղքից ազատ սրտի, առանց ներման մենք չենք կարող լինել խաղաղություն կառուցողներ», – ասել է Հռոմի պապը։

Նա ավարտ է մաղթել բոլոր հակամարտություններին, մասնավորապես՝ Սուրբ Երկրում և Սիրիայում, ինչպես նաև «մոռացված հակամարտություններին» Աֆրիկայի երկրներում, և ավարտ՝ բոլոր ընչազուրկների տառապանքներին: