Foto

Նոր մարզաառողջարանական համալիր՝ մասնավոր ներդրողի միջոցներով

2017 թվականին շարունակվել են սպորտի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները: Այսպես՝ մասնավոր ներդրողի միջոցներով 2017 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզաառողջարարական համալիր: Այդ նպատակով կներդրվի 2 մլրդ 400000 մլն ԱՄՆ դոլար: Տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը:

Կառուցման աշխատանքները կավարտվեն 2018 թվականի փետրվար ամսին: 2017 թվականի դեկտեմբեր ամսին կավարտվեն ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կառուցվող լողավազանի և հարակից շինությունների շինարարական աշխատանքները, որոնց 70 %-ն իրականացվել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում:

Այս աշխատանքների համար կատարվել է 163,934 ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում: 2017 թվականին սկսվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Այս պահին հայտարարվել է մրցույթ` նախագծա-հաշվարկային աշխատանքների կազմման համար:

Նշենք, որ Երևանի Դավթաշեն համայնքում ավարտվել են Օլիմպավանի լողավազանի և խաղային մարզաձևերի դահլիճների կառուցման աշխատանքները, որոնց համար կատարվել է 4,123,711.34 ԱՄՆ դոլարի ներդրում: Այստեղ իրենց ուսումնամարզական հավաքն են անցնելու խաղային և ջրային մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերը: Ավարտվել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվող մենապայքարային մարզաձևերի համար նախատեսված մարզադահլիճի շինարարության աշխատանքները, որոնց համար 2017 թվականին կատարվել է 100,000 ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում: