Ինչպես հայտնել էինք, «Մալաթիա» տոնավաճառի հարյուրավոր աշխատակիցներ այսօր այդպես էլ բողոքի գործողություն չեն իրականացրել:
Vesti.am-ի թղթակիցը հայտնում է, որ առավոտյան տոնավաճառի աշխատակիցները բացել են իրենց տաղավարները և տրամադրված չեն եղել գործադուլի: Նրանց հետ բանակցություններ է վարել տոնավաճառի փոխտնօրենը՝ համոզելով կրկին բողոքի գործողություն չիրականացնել:
-Համաձայնության ենք եկել, որ 20 հազարով իջեցնեն վարձը, 145 հազար էինք մուծում, հիմա 125 պետք է վճարենք,-Vesti.am-ի հետ զրույցում ասել է տոնավաճառի աշխատակիցներից մեկը:
Սակայն, վաճառողները թերահավատորեն են վերաբերվում տնօրինության խոստումներին, ասում են՝ մինչև ամսվա վերջը՝ փողերի վճարման ժամանակը չգա, չեն իմանա՝ վարձերը իջեցվե՞լ են, թե՞ ոչ:
Մեր հարցին՝ համաձա՞յն եք տնօրինության առաջարկած պայմաններին, տոնավաճառի մեկ այլ աշխատակից պատասխանել է.
- Այս պայմաններն էլ ձեռք չի տալիս, նորից ենք պայքարելու, որ էլի իջեցնեն: Էս պայմաններին էլ ի վիճակի չեն մարդիկ, գոնե մինչև 105 հազար պետք է իջեցնեն, որ կարողանանք աշխատել: Հիմա մենք պիտի ապրանքը մի քիչ թանկ վաճառենք, որ մեր տեղի փողը հանենք:
Աշխատակիցները նաև հայտնել են, որ տոնավաճառի տարբեր հատվածներում տարբեր գներ են սահմանված, և մի մասի տաղավարների համար խոստացել են 20 հազար դրամի իջեցում, իսկ մյուս մասի համար գինը անփոփոխ է մնացել:
Տեղեկացնենք նաև, որ տոնավաճառի տարբեր հատվածներում ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացված:
Այնուամենայնիվ, շուրջ 50 աշխատակից որոշել է շարունակել գործադուլը: Նրանք հավաքվել են տոնավաճառի մոտ և հայտարարել, որ իրենց տաղավարները չեն բացի, մինչև դրանց համար սահմանված վարձավճարները չիջեցվեն:
Եվ, ընդհանրապես, առավոտից տոնավաճառում քաոսային իրավիճակ է եղել՝ աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել միասնական որոշման հանգել, մի մասը բացել է տաղավարները, մյուս մասը՝ ոչ, մի մասը պնդել է, որ պետք է շարունակել գործադուլը, մյուս մասն ասել է, որ պետք է մի քանի օր էլ սպասել:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=CyE_orxmIzs&feature=youtu.be