Foto

Իրանն ու Ռուսաստանը դեմ են Սիրիայում թուրքական բանակի գործողություններին. իրանագետ

Թուրքական բանակի՝ Ջարաբլուսի տարածքում իրականացրած գործողություններն Իրանը հավանության չարժանացրեց՝ ԱԳՆ մակարդակով հայտարարարելով, որ դրանք պետք է համաձայնեցվեին պաշտոնական Դամասկոսի հետ: Հետագայում իրանական կողմը հայտարարեց, որ Թուրքիայի ռազմական գործողություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը:

Իրանի դիրքորոշման հնարավոր պատճառների մասին Vesti.am-ը զրուցեց իրանագետ, ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի հետ:

-Տիկի՛ն Բեգիջանյան, ինչո՞վ է պայմանավորված Իրանի այսպիսի կոշտ արձագանքը Սիրիայում ծավալվող Թուրքիայի ռազմական գործողություններին։

-Իրանը Թուրքիայի քայլը համարում է Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարում: Թեև Իրանը ևս դեմ է քրդական իքնավարության ձևավորմանը, սակայն դաիշականների դեմ պայքարող քրդական Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF) ահաբեկիչ  չի համարում, ողջունելով Մանբիջն ազատագրելու՝ վերջիններիս գրանցած հաջողությունը: Իսկ Թուրքիան, Ջերաբլուսը գրավելով, հանձնել է իր և Սաուդյան Արաբիայի հովանավորությունը վայելող «Սիրիայի ազատ բանակը», որին իրանական ԶԼՄ-ներում հաճախ ահաբեկչական կազմակերպություն են անվանում: Բացի այդ, «Սիրիայի ազատ բանակը» Ասադի պաշտոնանկությունն իր գլխավոր նպատակն է համարում, մինչդեռ Իրանը պաշտպանում է Ասադին: Ի վերջո, ակնհայտ է, որ Սիրիայում նոր ճակատ բացելն էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Թուրքիայի այս գործողությունների դեմ է հանդես եկել նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, իսկ Մոսկվայի տեսակետները Սիրիայի հարցում ավել շատ մոտ են իրանականին:

-Հնարավո՞ր է, որ Թուրքիան ուղղակի չի կատարել Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու որոշակի պայմանավորվածություններ։

-Թեհրանը պարզապես ձգտում է նրան, որ Թուրքիան հաշվի նստի Դամասկոսի հետ, որոշ միջնորդական քայլեր էլ կատարում է այս ուղղությամբ: Իսկ պայմանավորվածությունը պետք է լիներ Սիրիայի իշխանությունների հետ, ինչը չի եղել: Թուրքիան ձգտում է իր ազդեցության գոտի դարձնել Սիրիայի հյուսիսը՝ այդտեղ բնակեցնելով թուրքմեներին, ինչին, բնականաբար, դեմ են Դամասկոսն ու Թեհրանը:

-Ռուսաստանի կոշտ դիրքորոշումն այս հարցում ի՞նչ շարժառիթ ունի, չէ՞ որ Ռուսաստանն ու Թուրքիան վերջերս էին քայլեր կատարել հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

-Անշուշտ, իրավիճակի բարդացմամբ: Մանավանդ, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները շարունակվում են՝ հարցին քաղաքական լուծում տալու առնչությամբ: Բացի այդ, Ռուսաստանը մինչև Թուրքիայի հետ փոխհարաբերությունների վերսկսելը, քրդերին նույնիսկ Արևմուտքի համեմատությամբ էր ավելի լավ վերաբերվում, հետևաբար կտրուկ մեջքով դեպի քրդերը շրջվելը, քրդերի հակակրանքը ձեռք բերելը, թերևս Մոսկվային ձեռնտու չէր լինի:

Vesti.am