Foto

«Առողջապահական ԾԻԳ»-ի շրջանակներում նախորդ տարի իրականացվել է 697 հազար սկրինինգային հետազոտություն

Բնակչությանն առողջ պահելուն ուղղված ծրագրերի շրջանակում մեր երկրում 2015թ. սկզբից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից անցած տարի իրականացվել է շուրջ 697 հազար սկրինինգային հետազոտություն: ՊԱՊ թեստի հետազոտության արդյունքներով շուրջ 6.5% դեպքերում արձանագրվել են բջջաբանական տարբեր աստիճանի շեղումներ։ Շաքարային դիաբետի սկրինինգի արդյունքներով նորմայից շեղումները կազմել են շուրջ 7.4%, իսկ զարկերակային գերճնշման սկրինինգի արդյունքում` շուրջ 9.0%: Այն քաղաքացիները, որոնց մոտ նորմայից շեղումներ են հայտնաբերվել, ընդգրկվել են ռիսկային խմբերում` վերջնական ախտորոշման հաստատման նպատակով:

2016թ. հունվար-մայիս ամիսներին կանանց շրջանում իրականացվել է 18,870 ՊԱՊ թեստի հետազոտություն: Նույն ժամանակահատվածում 53,372 քաղաքացու մոտ կատարվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, 79,751 քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ։ Բացի այդ, 36-38 շաբաթական հղիություն ունեցող կանանց շրջանում իրականացվել է մեզի և արյան 5,782 երրորդ հետազոտություն:

Միաժամանակ, օգտագործելով գովազդի տարբեր հարթակներ, շարունակվում է ծրագրի հանրային իրազեկումը Երևանի և մարզերի բնակչության շրջանում։

Նշենք նաև, որ ծրագրի նկատմամբ շարունակաբար մշտադիտարկում է իրականացվում:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2016թ. առաջին կիսամյակում Երևանի և մարզերի 15 բժշկական կազմակերպություններ համալրվել են արգանդի պարանոցի նախաքաղցկեղային իրավիճակների վարման համար նախատեսված բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով:

Հիշեցնենք, որ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների` դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային այս ծրագրում երեք տարվա ընթացքում կընդգրկվի բնակչության խոցելի խմբերի 50-60 տոկոսը։

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նաև ավարտելէ «Առողջապահական համակարգի գործունեության գնահատում» և «Առողջապահության ազգային հաշիվներ»զեկույցների մշակման համար իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությունները:

2016 թվականի փետրվարի 6-ին շահագործման է հանձնվել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նորակառույց շենքը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շահագործման են հանձնվել նաև Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան և Լանջազատհամայնքների նորակառույց ամբուլատորիաները:

2016 թվականի հունիսից մեկնարկել են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

Ավարտին են մոտենում ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման, այդ թվում` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները։ Միաժամանակ կենտրոնի բժիշկ-մասնագետները վերապատրաստվում են Գերմանիայի Դաշնության Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում: Երկրորդ կիսամյակում կմեկնարկեն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի Ճառագայթային բուժման կենտրոնի, ինչպես նաև Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքները: