Foto

Պուտինն ու Օբաման քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 6-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

«Նախագահ Օբաման իր պատրաստակամությունն է հայտնել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ակտիվացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն Օբամային ներկայացրել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման մանրամասները:

Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ տարվող ակտիվ համատեղ աշխատանքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Vesti.am