ԱՄՆ ռազմածովային ուժերը բախվել են նոր նավատորմի կառուցման ծախսերի՝ միլիարդավոր դոլարների գերազանցման խնդրին, իսկ Իրանի հետ պատերազմը ամերիկյան նավերի ծանրաբեռնվածությունը հասցրել է եզրագծին։ Այս մասին են վկայում ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցը և ՌԾՈւ նախարարի պարտականությունները կատարող Հունգ Կաոյի հայտարարությունները, գրել է The Guardian-ը։
Համաձայն 2027 ֆինանսական տարվա նավաշինության ծրագրի վերլուծության՝ առաջիկա 30 տարում նավերի կառուցման ծախսերը կկազմեն տարեկան միջինը 54 մլրդ դոլար՝ մոտ 18 տոկոսով ավելի, քան կանխատեսում է ռազմածովային ուժերի հրամանատարությունը։ Թանկացման զգալի մասը կապված է Trump նոր դասի 15 խոշոր, ծանր սպառազինությամբ գծանավ ձեռք բերելու ծրագրերի հետ, որոնք առաջ է մղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Վարչության գնահատմամբ՝ կրակային հզորությունը մի քանի խոշոր նավերի վրա կենտրոնացնելը հակասում է այն ավելի մեծ թվով նավերի միջև բաշխելու՝ նավատորմի հռչակած նպատակին։ Այս շաբաթ Սենատի հատկացումների կոմիտեի անդամներն առաջարկել են բյուջեից ամբողջությամբ հանել ընթացիկ ֆինանսական տարվա համար այս նավերի նախնական գնումների նպատակով պահանջված 1 մլրդ դոլարը։
ԱՄՆ-ը մտադիր է 30 տարվա ընթացքում նավատորմի մարտական նավերի թիվը ներկայիս 286-ից հասցնել 381-ի՝ ձգտելով կրճատել նավաշինության ոլորտում Չինաստանից հետ մնալը։ Սակայն Իրանի հետ պատերազմն արդեն լուրջ դժվարություններ է ստեղծում։ Կաոն Սենատում լսումների ժամանակ խոստովանել է, որ հակամարտությունը «ծանրաբեռնում է» ռազմածովային ուժերը։ Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը հայտարարել է, որ նավատորմը գործում է կայուն կարողությունների սահմաններից դուրս, իսկ դրա վիճակը վատթարացել է։
Պատերազմի սկզբից ի վեր ամերիկյան նավերի ծառայողական տեղակայումները հաճախ տևում են 10–11 ամիս՝ սովորական յոթի փոխարեն։ Որոշ նավեր ծովում են գտնվել ավելի քան 300 օր։ Չորեքշաբթի Մերձավոր Արևելքից USS George Washington ավիակրի վերադարձով ավարտվել է հազվադեպ հանդիպող եռամսյա շրջանը, երբ ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում ոչ մի ավիակիր չուներ։
Ընդ որում, Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալները մնում են նախապատերազմյան մակարդակից մոտ 65 տոկոսով ցածր՝ չնայած ամերիկյան ռազմածովային ուժերի ջանքերին։ Կաոյի խոսքով՝ նեղուցով մեկ անգամ անցնելու համար առևտրային նավի ապահովագրության արժեքը մեկ տարի առաջվա 54 հազար դոլարից հասել է 64 մլն դոլարի։ Լրացուցիչ ծախսերն ազդում են ամբողջ աշխարհում վառելիքի, պարարտանյութերի և սննդամթերքի գների վրա։
Փորձագետները զգուշացնում են, որ երկարատև տեղակայումների պատճառով հետաձգվում է տեխնիկական սպասարկումը և մեծանում անձնակազմերի ծանրաբեռնվածությունը։
Մեծ Բրիտանիայի Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի ներկայացուցիչ Քևին Ռոուլենդսի խոսքով՝ նավատորմի գերլարվածությունը դեռ կառավարելի է, սակայն պատերազմի շարունակումը կարող է ավելի լուրջ հետևանքների հանգեցնել։
ԱՄՆ-ը միաժամանակ պարտավորություններ է կրում Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ՆԱՏՕ-ում և Մերձավոր Արևելքում՝ գրեթե չունենալով ազատ ռեսուրսներ նոր ճգնաժամերին արձագանքելու համար։









