Foto

Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը

Շվեյցարիան կրկին քննարկում է իր ավանդական չեզոքության սահմանները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին, հայտնել է Swiss Info-ն։

Առիթը օրենսդրական բարեփոխումն է, որը պետք է մեղմացնի շվեյցարական արտադրության սպառազինության արտահանման սահմանափակումները, աջակցի ազգային պաշտպանական արդյունաբերությանը և պարզեցնի օտարերկրյա գործընկերներին ռազմական տեխնիկայի մատակարարումները։

2025 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն է տվել փոփոխություններին, որոնք թույլ են տալիս սպառազինություն արտահանել հիմնականում արևմտյան 25 երկիր, նույնիսկ եթե դրանք մասնակցում են զինված հակամարտության։ Առաջարկվում է նաև մեղմացնել շվեյցարական զենքը երրորդ երկրներ վերարտահանելու սահմանափակումները։ Միաժամանակ, կառավարությունը կպահպանի մատակարարումներն արգելափակելու իրավունքը, եթե դրանք հակասեն երկրի չեզոքության կամ անվտանգության շահերին։

Բարեփոխման կողմնակիցները պնդում են, որ խիստ կանոնները խաթարում են շվեյցարական արտադրողների մրցունակությունը։ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո Բեռնը բազմիցս արգելել է եվրոպական երկրներին Կիևին փոխանցել շվեյցարական արտադրության զինամթերք և զրահատեխնիկա։ Արդյունքում՝ որոշ պետություններ հրաժարվել են գնումներ կատարել շվեյցարական ընկերություններից ։

Փոփոխությունների հակառակորդները կարծում են, որ սահմանափակումների մեղմացումը կվտանգի երկրի չեզոքությունը և կմեծացնի շվեյցարական զենքի՝ հակամարտության գոտիներում հայտնվելու ռիսկը։ Բարեփոխումը նախկինի պես չի թույլատրում սպառազինության ուղիղ մատակարարումներն Ուկրաինա։

Այժմ վերջնական որոշումը պետք է կայացնեն երկրի քաղաքացիները. 2026 թվականի նոյեմբերի 29-ին Շվեյցարիայում կանցկացվի սպառազինության արտահանման կանոնների մեղմացման հարցով հանրաքվե։ Այսպիսով, չեզոքության, ազգային անվտանգության և պաշտպանական արդյունաբերության շահերի հարաբերակցության շուրջ վեճը տեղափոխվել է համազգային քվեարկության մակարդակ։