Foto

Ալկոհոլային կախվածություն ունեցող մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են բախվում սննդային վարքի խանգարումների․ JED

Ալկոհոլային կախվածությունից բուժվող մարդիկ մոտ երկու անգամ ավելի հաճախ են սննդային վարքագծի խանգարումների բախվում, քան ընդհանուր բնակչությունը։ Նման եզրակացության են եկել հետազոտողները՝ վերլուծելով 1988-ից 2026 թվականներին հրապարակված 44 գիտական աշխատությունների տվյալները։ Ակնարկի արդյունքները հրապարակվել են Journal of Eating Disorders ամսագրում։

Որոշ մարդիկ ալկոհոլ օգտագործելուց առաջ միտումնավոր բաց են թողնում սննդի ընդունումը՝ դրա ազդեցությունն ուժեղացնելու կամ սննդով ստացվող կալորիաների քանակը նվազեցնելու համար։ «Դրանկորեքսիա» անվամբ հայտնի այս երևույթը գտնվում է ալկոհոլի ռիսկային օգտագործման և սննդային վարքագծի խանգարումների հատման կետում։ Նախկինում այն ուսումնասիրվել է հիմնականում ուսանողների շրջանում և այսպես կոչված «գինի խմող մայրիկների» մշակույթի համատեքստում, մինչդեռ ալկոհոլային կախվածությունից բուժվողների շրջանում մնացել էր քիչ ուսումնասիրված։

Ակնարկում ներառված հետազոտությունների մեծ մասին մասնակցել են բարձր եկամուտ ունեցող երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի կանայք։ Աշխատությունները հիմնականում դիտողական բնույթ են կրել, ուստի բացահայտված կապերը չեն ապացուցում, որ մի խնդիրն ուղղակիորեն առաջացնում է մյուսը։

Հետազոտություններից մեկում ալկոհոլային կախվածությունից բուժվող կանանց ավելի քան երկու երրորդը հայտնել է գերսնման նոպաների մասին։ Նյարդային բուլիմիա ունեցող մասնակիցների մասնաբաժինը կազմել է 6%-ից 39%։

Շատ տղամարդիկ և կանայք սնունդն օգտագործել են ծանր հույզերը հաղթահարելու, տրամադրությունը կարգավորելու կամ ալկոհոլը փոխարինելու համար։ Հետազոտությունների մասնակիցների շրջանում հաճախ են հանդիպել նաև իմպուլսիվություն, ցածր ինքնագնահատական և սեփական մարմնի նկատմամբ բացասական ընկալում։ Լրացուցիչ ռիսկի գործոններ կարող էին լինել հոգեկան խանգարումները, ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը (ՈւՊԳՀ) և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ)։

Ալկոհոլային կախվածության և սննդային վարքագծի խնդիրների համադրումը կարող է բարդացնել բուժումը։ Որոշ հետազոտությունների համաձայն՝ նման բուժառուներն ավելի հաճախ են վաղաժամ դադարեցնում թերապիան՝ հակառակ մասնագետների խորհուրդների։ Դա կարող է դժվարացնել վերականգնումը, խորացնել սննդային վարքագծի խանգարումները և մեծացնել բժշկական բարդությունների վտանգը։

Երկու խնդիրներն էլ կարող են ազդել սննդարար նյութերի յուրացման վրա և հանգեցնել դրանց պակասի։ Ալկոհոլային կախվածությունից վերականգնվելու ընթացքում որոշ մարդիկ հուզական դժվարությունները հաղթահարելու համար սկսում են ավելի հաճախ քաղցրավենիք և այլ սնունդ օգտագործել, ինչը կարող է նպաստել քաշի ավելացմանը։ Այս վիճակների համադրումը կապված է նաև դեպրեսիայի և տագնապայնության բարձր ռիսկի հետ։

Ակնարկի հեղինակները կարծում են, որ ալկոհոլային կախվածության բուժման ժամանակ կարևոր է լրացուցիչ գնահատել բուժառուների սննդային սովորությունները։ Սննդի և սնվելու նկատմամբ վերաբերմունքի քննարկումը բժշկի, բուժքրոջ կամ հոգեթերապևտի հետ կօգնի ավելի վաղ հայտնաբերել ուղեկցող խնդիրները և ընտրել առավել արդյունավետ օգնություն։