Foto

Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը

Մոնաշի համալսարանի հետազոտողները բացահայտել են իմունային համակարգի ծերացման գենետիկական մեխանիզմները, որոնք օգնում են բացատրել, թե ինչու է տարիքի հետ օրգանիզմն ավելի վատ դիմակայում քաղցկեղին և վարակներին։ Նախակլինիկական հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Immunology ամսագրում։

Մոնաշի կենսաբժշկական հայտնագործությունների ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են CD8⁺ T-բջիջները՝ իմունային բջիջներ, որոնք ճանաչում և ոչնչացնում են վարակված և քաղցկեղային բջիջները։ Մկների վրա կատարված փորձերի ընթացքում նրանք հայտնաբերել են երեք տարբեր մեխանիզմ, որոնց միջոցով ծերացումը խախտում է այդ բջիջների աշխատանքը կարգավորող գենետիկական հրահանգները։ Արդյունքում՝ իմունային բջիջների համար ավելի դժվար է դառնում հարմարվել նոր սպառնալիքներին, վերահսկել իմունային արձագանքները և պահպանել սեփական առողջությունը։

Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են ծերացող իմունային բջիջների նախկինում անհայտ խումբ։ Դրանք ոչ միայն կորցնում են օրգանիզմը հիվանդություններից պաշտպանելու ունակությունը, այլև ակտիվորեն ճնշում են այլ իմունային բջիջների արձագանքները։

«Նույնիսկ միևնույն ծերացող օրգանիզմում իմունային բջիջները կարող են ծերանալ բոլորովին տարբեր ձևերով։ Որոշ բջիջներ կորցնում են մեզ հիվանդություններից պաշտպանելու ունակությունը, մյուսները սկսում են խանգարել օրգանիզմի սեփական պաշտպանական մեխանիզմների աշխատանքին», — բացատրել է հետազոտության առաջին հեղինակ, Մոնաշի կենսաբժշկական հայտնագործությունների ինստիտուտի դոկտոր Դենիել Թիլեն։

Նրա խոսքով՝ ծերացումն ընդհանուր առմամբ քաղցկեղի զարգացման գլխավոր ռիսկի գործոնն է։ Իմունային համակարգը մշտապես հայտնաբերում և ոչնչացնում է հնարավոր քաղցկեղային բջիջները, հաճախ՝ մարդու համար աննկատ։ Սակայն տարիքի հետ այս բնական պաշտպանությունը թուլանում է՝ մեծացնելով քաղցկեղի և վարակների նկատմամբ խոցելիությունը և նվազեցնելով պատվաստումների արդյունավետությունը։

Հետազոտությունը կարող է օգնել որոշել բուժման ապագա մեթոդների թիրախները, որոնք ուղղված կլինեն ծերացող իմունային համակարգի առանձին գործառույթների վերականգնմանը։

Աշխատանքը նաև հիմք է դրել Մոնաշի թիմի մեկ այլ հետազոտության համար, որի ընթացքում գիտնականները վերջերս պարզել են, որ իմունային բջիջների արտադրած գրանզիմ K սպիտակուցը նպաստում է մկների օրգանների տարիքային վնասմանը։

Ավագ հետազոտող Նիկոլ Լա Գրուտայի խոսքով՝ իմունային բջիջների ծերացման մեխանիզմների ըմբռնումը հեռանկարում կարող է թույլ տալ ազդել ոչ միայն իմունիտետի տարիքային փոփոխությունների, այլև այլ հյուսվածքներում և օրգաններում ծերացման գործընթացների վրա։