Բրիտանացի էքստրեմալ լողորդ Լուիս Փյուն երեք օրում Հորմուզի նեղուցով լողացել է մոտ 15 կիլոմետր՝ Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի պատերազմի բնապահպանական հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու համար, հայտնել է PA Media-ն։
Լողալու ընթացքում 56-ամյա մարզիկն ականատես է եղել առևտրային նավերի վրա հարձակումների և լցանավերի հրդեհների։

Փյուն, որը ՄԱԿ-ում օվկիանոսների հովանավորն է, լողը մեկնարկել է նեղուցի հարավային ծայրամասում գտնվող Մուսանդամ թերակղզուց և ավարտել՝ շրջանցելով Հորմուզ հրվանդանը։ Ըստ առկա տվյալների՝ նա դարձել է առաջին մարդը, որը հակամարտության սկզբից ի վեր այս շրջանում երկար տարածության լող է ձեռնարկել։
«Լողալ սկսելուց ընդամենը 30 րոպե անց ինձնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հարձակվեցին լցանավի վրա։ Պայթյունները ցնցում էին ծովը շուրջս ծովը»,— պատմել է մարզիկը։ Հաջորդ օրերին նա ականատես է եղել առևտրային նավերի վրա նոր հարձակումների և տեսել այրվող նավեր։
Փյուն ընդգծել է, որ պատերազմը ոչ միայն մարդկանց մահվան և տների ավերման է հանգեցնում, այլև երկարաժամկետ վնաս է հասցնում բնությանը։ Հորմուզի նեղուցի ջրերում բնակվում են դելֆիններ, ծովային կրիաներ և դյուգոններ, ափի երկայնքով տարածվում են կորալային խութեր և մանգրային անտառներ։
«Այս պատերազմի բնապահպանական հետևանքները զգացվելու են սերունդներ շարունակ»,— նախազգուշացրել է լողորդը։ Նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, նեղուցը բացել նավագնացության համար և վերջ տալ աղտոտմանը։
Հորմուզի նեղուցը Մերձավոր Արևելքից նավթի և գազի փոխադրման համաշխարհային կարևորագույն ուղիներից մեկն է։ Լցանավերի և այլ առևտրային նավերի վրա հարձակումները սպառնում են ոչ միայն էներգակիրների մատակարարումներին, այլև տարածաշրջանի ծովային էկոհամակարգերին։









