Փաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Անթալիա և մասնակցությունն Առաջնորդների գագաթնաժողովին:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին միջոցառման լավ կազմակերպման առիթով։
Վարչապետ Փաշինյանը նաև ցավակցություն է հայտնել Իզմիրի մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել են այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: Այդ առումով, կողմերը կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերին:









