Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ազգային միասնության կառավարության ձևավորումը դեռևս հնարավոր է, գրում է The Times of Israel-ը։
Նախօրեին նա դեմ էր արտահայտվել առանց իր մասնակցության կառավարություն ձևավորելու փորձերին՝ Քնեսեթի արաբ պատգամավորներին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և Իսրայելը ոչնչացնելու ձգտման մեջ։
«Երեկ ես բացատրեցի, թե ինչու է անհրաժեշտ ազգային միասնության կառավարությունը։ Այսօր ուզում եմ ասել, թե ինչու է այն հնարավոր»,- հայտարարել է Նեթանյահուն Քնեսեթի շենքում լրագրողների հետ զրույցում։
Այս անգամ վարչապետը խոսել է հաշտարար տոնով՝ ի տարբերություն նախօրեին Քնեսեթի պատգամավորների երդմնակալությունից հետո ունեցած իր զայրացած ելույթի։
«Դա հնարավոր է, քանի որ մեր ժողովուրդը կարողանում է միավորվել վճռորոշ պահերին։ Եվ հիմա մենք հենց այդպիսի պահ ենք ապրում»,- ասել է Նեթանյահուն։
«Դա է պահանջում ներկա պահը, դա է ցանկանում ժողովրդի մեծամասնությունը»,- հավելել է նա։
Որպես ազգային միասնության օրինակներ՝ Նեթանյահուն նշել է նախօրեին Քնեսեթի պատգամավորների երդմնակալության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև պատերազմի վերջին երեք տարիները, որոնց ընթացքում զինծառայողներն ու քաղաքացիական անձինք գործել են համատեղ։
«Կրոնավորներն ու աշխարհիկները, ձախերն ու աջերը՝ բոլորը պարզապես կանգնած էին և միասին կռվում էին՝ ուս ուսի»,- հայտարարել է վարչապետը։
«Ես չեմ կարող ձեզ պատմել այն ամենը, ինչ գիտեմ, բայց բավական շատ մարդիկ գիտեն, թե ինչ հսկայական մարտահրավերների և հնարավորությունների ենք բախվում»,- հավելել է նա։
Նեթանյահուն ընդգծել է, որ կշարունակի համագործակցության առաջարկով դիմել կոալիցիայի հավանական գործընկերներին։
Միաժամանակ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարություն ձևավորումը հանձնարարել է Նեթանյահուի գլխավոր քաղաքական մրցակցին՝ Գադի Այզենկոտին։









