Foto

Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը

Լեհաստանում ձերբակալել են երկու տղամարդու, որոնք հրապարակայնորեն հավանություն են տվել Կրակովում տեղի ունեցած միջադեպի մեղավորի գործողություններին և սպառնացել կրկնել արարքը, հայտնում է RMF24-ը։

Նրանցից մեկին՝ Էլբլոնգի 68-ամյա բնակչին, մեղադրանք կառաջադրվի այն բանից հետո, երբ նա սկանդալ է սարքել քաղաքապետարանում, վախեցրել աշխատակիցներին և հայտարարել, թե նման միջադեպ կկազմակերպի նաև իր քաղաքում։ Երկրորդ ձերբակալվածը՝ Իլավայի 40-ամյա բնակիչը, կատարվածին հավանություն էր տվել սոցիալական ցանցերում արված գրառման մեջ։

Երկու տղամարդիկ էլ ձերբակալվել են նոյեմբերի 10-ին՝ նոյեմբերի 7-ին Կրակովի Գլխավոր հրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքին հաջորդած հանրային հնչեղության ֆոնին, որի հետևանքով զոհվել էր վեց և տուժել 15 մարդ։ Իշխանությունները մտահոգություն են հայտնում նաև հնարավոր սաբոտաժի դրսևորումների կապակցությամբ։

Ոստիկանության տվյալներով՝ 68-ամյա տղամարդը վիճաբանություն է հրահրել Էլբլոնգի քաղաքապետարանի քարտուղարությունում և իրեն ագրեսիվ պահել աշխատակիցների նկատմամբ։ Միևնույն ժամանակ նա արդարացրել է Կրակովի 24-ամյա օրինախախտի արարքն ու հայտարարել, թե նույնն անելու է Էլբլոնգում՝ վարչակազմի աշխատողների մոտ իրենց անվտանգության համար լուրջ մտավախություն առաջացնելով։

Ոստիկանները տղամարդուն ձերբակալել են բնակության վայրում և տեղափոխել մեկուսարան։ Առաջիկայում նրան մեղադրանք կառաջադրվի։

Իլավայում ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ տեղի բնակիչներից մեկը սոցցանցում անօրինական գործողությունների մասին գրառում է կատարել՝ միաժամանակ արդարացնելով Կրակովի միջադեպը։ Իրավապահները պարզել են օգտահաշվի տիրոջ ինքնությունն ու գտնվելու վայրը, ինչից հետո ձերբակալել են 40-ամյա տղամարդուն։

Ձերբակալվածը հայտնել է, որ գրառումն արել է ոչ սթափ վիճակում։ Նա չի կարողացել բացատրել իր արարքի պատճառը, իսկ սթափվելուց հետո հեռացրել է հրապարակումը։

Նրա բնակարանի խուզարկությամբ ոստիկանությունը կասկածելի ոչինչ չի հայտնաբերել։ Այդուհանդերձ, դատախազը որոշել է տղամարդու նկատմամբ ոստիկանական հսկողություն սահմանել։

Համաձայն Լեհաստանի քրեական օրենսդրության՝ հանցագործության կատարմանը հրապարակայնորեն հավանություն տալու համար նախատեսվում է տուգանք, ազատության սահմանափակում կամ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում։ Հանրային վտանգի մասին ակնհայտ կեղծ հաղորդում տալու համար նախատեսվում է վեց ամսից մինչև ութ տարվա ազատազրկում, իսկ մեկ այլ անձի հասցեին հիմնավոր վախ առաջացնող հայտարարությունների համար՝ մինչև երեք տարվա ազատազրկում։