Foto

Գերմանիան լրտեսության մտավախությունների պատճառով արգելել է չինական ԱԹՍ-ների օգտագործումը ռազմական օբյեկտներում

Գերմանիայի զինված ուժերը դադարեցնում են չինական արտադրության առևտրային անօդաչու սարքերի օգտագործումը զորանոցներում և զորավարժարաններում՝ մտավախություն ունենալով, որ սարքերը կարող են գաղտնի տեղեկություններ փոխանցել չինական հատուկ ծառայություններին։ Նախատեսվում է առկա անօդաչու սարքերը հնարավորինս շուտ շահագործումից հանել և փոխարինել գերմանական կամ եվրոպական այլ մոդելներով, հայտնում է Der Spiegel հանդեսը։

Վերջին տարիներին արևմտյան ռազմական գերատեսչություններն ավելի հաճախ են մտահոգություն հայտնում, որ չինական արտադրության տեխնոլոգիաները կարող են սպառնալիք ներկայացնել անվտանգության համար և օգտագործվել Պեկինին զգայուն տվյալներ փոխանցելու նպատակով։

Der Spiegel-ի տվյալներով՝ գերմանացի զինծառայողները ձեռք են բերել առևտրային անօդաչու սարքեր, դրանց թվում՝ աշխարհում անօդաչուների խոշորագույն արտադրող չինական DJI ընկերության արտադրանքը։ 2024 թվականին տեղական հրամանատարներին թույլատրվել է որոշակի մոդելներ գնել մի ռազմավարության շրջանակում, որը նախատեսում էր հաստատված համակարգերի այսպես կոչված սպիտակ ցուցակ։ Ընդ որում, գնումներն իրականացվել են նվազագույն բյուրոկրատական սահմանափակումներով։

Քանի որ ստորաբաժանումների ձեռք բերած անօդաչու սարքերի կենտրոնացված հաշվառում չի իրականացվել, զինված ուժերը ստիպված են ամբողջությամբ հրաժարվել չինական մոդելների օգտագործումից։ Գերմանացի զինվորականները մտավախություն ունեն, որ սարքերը կարող են չինական հատուկ ծառայություններին զորավարժությունների մասին տեղեկություններ, զորանոցների և զորավարժարանների պատկերներ, ինչպես նաև տվյալներ փոխանցել գերմանական սպառազինության համակարգերի վերաբերյալ։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ այսուհետ բունդեսվերը չի օգտագործի չինական արտադրության անօդաչու սարքեր, իսկ առկա սարքերը կփոխարինվեն հայրենական կամ եվրոպական համարժեքներով։ Միաժամանակ գերատեսչությունն ընդգծել է, որ որոշումն ընդունվել է ռազմական անվտանգության, ինչպես նաև տվյալների և տեղեկատվական համակարգերի պաշտպանության ռիսկերի գնահատման հիման վրա, այլ ոչ թե որոշակի երկրներից ցանկացած համակարգի օգտագործման համընդհանուր արգելքի շրջանակում։

Չինական տեխնոլոգիաների նկատմամբ միջոցառումները տարածվում են նաև ավտոմեքենաների վրա։ Der Spiegel-ի տվյալներով՝ բունդեսվերը նաև սահմանափակումներ է մտցրել մի շարք չինական ավտոմեքենաների՝ պահպանվող ռազմական օբյեկտներ մուտք գործելու համար։ Մասնավորապես, սահմանափակումները վերաբերում են BYD, Geely և NIO արտադրողների որոշ մոդելների։ Նման ավտոմեքենաներ ունեցող զինծառայողները ստիպված կլինեն դրանք թողնել համապատասխան օբյեկտների տարածքից դուրս։

Մտավախությունները կապված են այն հանգամանքի հետ, որ ավտոմեքենաներում ներկառուցված տեսախցիկները, սենսորները և այլ էլեկտրոնային համակարգերը կարող են ռազմական օբյեկտների մասին տեղեկություններ հավաքել և դրանք փոխանցել չինական կառույցներին։ Ավելի վաղ նման սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ը և Լեհաստանը։