Լեհաստանի Գոժուվ Վելկոպոլսկի քաղաքում սկսվել է լեհական WB Group-ի և հարավկորեական Hanwha Aerospace-ի համատեղ ձեռնարկության կառուցումը, հայտնել ենԼեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Գործարանը կարտադրի կառավարվող հրթիռներ, դրանց թվում՝ լեհական բանակի սպառազինության մեջ գտնվող HOMAR-K համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված զինամթերք։
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 4-ին, ձեռնարկության հիմնարկեքի արարողությանը մասնակցել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Մագդալենա Սոբկովյակ-Չարնեցկան։ Նա ներկայացրել է գերատեսչության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշին, որը նամակ էր հղել միջոցառման մասնակիցներին։
Ըստ նախարարի՝ շինարարության մեկնարկը նշանակում է ռազմավարական պայմանավորվածություններից անցում նախագծի գործնական իրականացմանը։ Մոտ 14 միլիարդ զլոտի (մոտավորապես 3,3 միլիարդ եվրո) արժողությամբ պայմանագիրը ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին։
Կոսինյակ-Կամիշն ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմի փորձը ցույց է տվել հրթիռային հրետանու, թիրախների գերճշգրիտ խոցման և զինամթերքի բավարար պաշարների կարևորությունը։ Նրա կարծիքով՝ ժամանակակից սպառազինության առկայությունն ինքնին բավարար չէ առանց դրա մատակարարման հուսալի համակարգի։ Նոր գործարանը պետք է ամրապնդի Լեհաստանի արտադրական կարողությունները, նվազեցնի արտաքին մատակարարումներից կախվածությունը և բարձրացնի երկրի դիմակայունությունը ճգնաժամերին։
Նախագիծը նախատեսում է Լեհաստանի և Հարավային Կորեայի միջև արդյունաբերական համագործակցության զարգացում, տեխնոլոգիաների փոխանցում և մեծ ծավալներով կառավարվող հրթիռների արտադրություն։ Արտադրությունը կկազմակերպվի WB Group-ի և լեհական այլ ձեռնարկությունների մասնակցությամբ։ Ընկերությունները մտադիր են նաև համատեղ մշակել և ներդնել նոր սերնդի զինամթերք։
Հրթիռները նախատեսված կլինեն առաջին հերթին Լեհաստանի զինված ուժերի, ներառյալ՝ HOMAR-K համակարգերի համար։ Հեռանկարում նախագիծը պետք է հնարավորություն ընձեռի արտադրանքը մատակարարել դաշնակից պետությունների շուկաներ։
Լեհաստանի իշխանություններն ակնկալում են, որ ներդրումները կնպաստեն ոչ միայն պաշտպանունակության ամրապնդմանը, այլև ազգային արդյունաբերության զարգացմանը։ Ըստ ծրագրերի՝ ձեռնարկությունում կաշխատի ավելի քան 200 մարդ։ Շինարարությունը պետք է նաև լրացուցիչ հնարավորություններ ստեղծի տեղական ընկերությունների հետ համագործակցության համար և աջակցի Գոժուվ Վելկոպոլսկիի ու ամբողջ Լյուբուշի վոյևոդության տնտեսությանը։
Սոբկովյակ-Չարնեցկան նախագիծն անվանել է մասնավոր բիզնեսի, կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ փոխգործակցության օրինակ։









