Սինգապուրի խորհրդարանը խստացրել է անտառային հրդեհների ծխով օդի անդրսահմանային աղտոտման մասին օրենսդրությունը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Նոր միջոցները նախատեսում են օրինախախտներին ձերբակալելու հնարավորություն, տուգանքների տասնապատկում և սահմանափակումներ հարևան երկրներից արդյունաբերական արտանետվածքներով մթնոլորտի խիստ աղտոտվածության տարածմանը ներգրավված ընկերությունների նկատմամբ։
Փոփոխություններն ընդունվել են միաձայն՝ Ինդոնեզիայում բռնկված հրդեհների հետևանքով օդի՝ մի քանի շաբաթ տևած աղտոտումից հետո, որը Սինգապուրի բնակիչների դժգոհությունն ու միջոցներ ձեռնարկելու պահանջներ էր առաջացրել:
«Մեզ տեղեկություններ ստանալու և ստուգելու, բարդ կորպորատիվ կապերին հետևելու և օրինախախտ ընկերությունների նկատմամբ գործուն պատժամիջոցներ կիրառելու ավելի արդյունավետ եղանակներ են անհրաժեշտ»,- հայտարարել է կայուն զարգացման և շրջակա միջավայրի նախարար Գրեյս Ֆուն։ Ըստ նրա՝ իշխանությունները պետք է հնարավորություն ունենան միջամտելու նախքան արդյունաբերական արտանետվածքներով մթնոլորտի խիստ աղտոտվածությունը կհասնի Սինգապուրի տարածք։
Դեռևս 2014 թվականին ընդունված օրենքը նախկինում դժվար էր կիրառել իրավական սահմանափակումների և արտերկրում ապացույցներ ձեռք բերելու դժվարությունների պատճառով։ Այժմ խախտումները կդասվեն այն հանցագործությունների շարքին, որոնց դեպքում թույլատրվում է ձերբակալություն։ Դատարանները կկարողանան նաև գործերը քննել մեղադրյալների բացակայությամբ, եթե նրանք արտերկրում են կամ անհասանելի են արդարադատության համար։
Իշխանությունների կարգադրությունները չկատարող ընկերությունների համար տուգանքները տասնապատկվել են՝ հասնելով օրական գրեթե 800 հազար դոլարի։ Տուգանքի առավելագույն չափն աճել է՝ գերազանցելով 15,6 միլիոն դոլարը։ Բացի դրանից, իշխանությունները կկարողանան ընկերություններին պարտավորեցնել սեփական միջոցներով անկախ փորձագետներ վարձել՝ հրդեհների պատճառները հետաքննելու, նրանց գործունեությունն ուսումնասիրելու և կորպորատիվ կապերը բացահայտելու համար։ Ընդ որում, նման ստուգում նշանակելն ինքնին չի նշանակում, որ ընկերությունը մեղավոր է։
Նոր նորմերը միաժամանակ թույլ են տալիս սահմանափակումներ կիրառել աղտոտմանը մասնակից ճանաչված ընկերությունների նկատմամբ, դրանց թվում՝ սահմանափակել Սինգապուրի խոշոր ֆինանսական հատվածի ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Եթե ընկերությունը պնդում է, որ իր հողատարածքներում հրդեհները բռնկել են երրորդ անձինք, ապա ստիպված կլինի ապացուցել, որ ողջամիտ միջոցներ է ձեռնարկել հրդեհները կանխելու և դրանց դեմ պայքարելու համար։
Փորձագետները նշում են, որ օրենքի խստացումը կընդլայնի Սինգապուրի հնարավորությունները, սակայն չի երաշխավորում արդյունաբերական արտանետվածքներով մթնոլորտի խիստ աղտոտվածության վերացումը։ Սինգապուրի միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախագահ Սայմոն Թեյի կարծիքով՝ անհրաժեշտ են նաև համագործակցություն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) շրջանակում և փոխգործակցություն Ինդոնեզիայի ու մյուս հարևան երկրների հետ։
Հունվարից մինչև սեպտեմբերի վերջ Ինդոնեզիայում հրդեհներն ընդգրկել են ավելի քան 1,9 միլիոն հեկտար տարածք։ Հրդեհների պատճառների թվում փորձագետները նշում են Էլ Նինյո երևույթին առնչվող երաշտը, անտառահատումները և տորֆաճահիճների չորացումը։









