Ուկրաինայի երեք քաղաքացիներ, որոնք ճանաչվել են Լիտվայի ազգային անվտանգության համար սպառնալիք, թշնամական հետախուզությունների հանձնարարությամբ տեղեկություններ էին հավաքում ռազմավարական օբյեկտների մասին։ Արտաքսման մասին հայտարարել է Լիտվայի ներքին գործերի նախարար Մարտինաս Կատելինասը՝ Պետական անվտանգության դեպարտամենտի կողմից այդ անձանց երկրից արտաքսելու մասին հաղորդագրությունից հետո, հաղորդում է Delfi-ն։
Ըստ նախարարի՝ ուկրաինացիները լուսանկարում էին ռազմավարական օբյեկտները, իսկ հավաքված տեղեկությունները հետագայում կարող էին օգտագործվել դիվերսիաների կամ այլ սպառնալիքների ստեղծման համար։
«Դա անհամատեղելի է Լիտվայում օրինական գտնվելու հետ և Լիտվայի շահերի դեմ ուղղված գործունեություն է, ուստի նման որոշումներ են ընդունվել»,- կառավարության շենքում լրագրողներին հայտարարել է Կատելինասը։
Նախարարը նշել է, որ հավաքագրումը հաճախ կատարվում է հաղորդագրությունների փոխանակման հավելվածների միջոցով։ Մարդկանց դրամական վարձատրություն են առաջարկում որոշակի հանձնարարություններ կատարելու համար, և ոմանք համաձայնում են նման գործունեությամբ զբաղվել։
Ավելի վաղ Պետական անվտանգության դեպարտամենտը հայտնել էր, որ ուկրաինացիները գումարի դիմաց կատարել են թշնամական հատուկ ծառայությունների տարաբնույթ հանձնարարություններ։ Նրանք հրահանգները ստացել են Telegram-ի և նամակագրության ու հաղորդագրությունների փոխանակման այլ հարթակների միջոցով։ Երեքի մուտքն էլ Լիտվա արգելվել է հինգ տարով։
Սեպտեմբերին Լիտվայի հատուկ ծառայությունները հայտնել էին տեխնոլոգիական ընկերությունում աշխատող Բելառուսի 22 քաղաքացիների մասին, որոնք ճանաչվել էին ազգային անվտանգության համար սպառնալիք։ Նրանց ժամանակավոր կացության թույլտվությունները չեղարկվել էին, իսկ իրենք՝ արտաքսվել երկրից՝ հինգ տարով Շենգենյան գոտի մուտքի արգելքով։
Պետական անվտանգության դեպարտամենտի տվյալներով՝ ընկերությունը մասնակցել է Եվրամիության տիեզերական ծրագրի գործակալության (EUSPA) նախագծին, իսկ նրա աշխատակիցները խաբեությամբ գրեթե 500 հազար եվրո են ստացել։









