Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը քննարկել է Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կատարի արտաքին գործերի նախարարությունը:
«Հանդիպմանը նաև քննարկվել են ընթացիկ հարցեր, որոնք վերաբերում են առաջարկվող փուլ առ փուլ քայլերին, որոնք ներառում են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի համատեղ ստեղծումը, ինչպես նաև նեղուցում ականազերծման համատեղ նախագիծը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերն ընդգծել են «լարվածության թուլացման և երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման դիվանագիտական ջանքերի շարունակման կարևորությունը»:









