Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․«Երբ աշխարհիկ իշխանավորը հայտարարում է, թե Եկեղեցու կանոնական Հովվապետն իր համար Կաթողիկոս չէ կամ «Ամենայն Հայոց» չէ, բնական հարց է առաջանում՝ ե՞րբ և ո՞վ է աշխարհիկ իշխանությանը տվել Եկեղեցու Հովվապետի կանոնական կարգավիճակը սեփական ընդունմամբ կամ մերժմամբ որոշելու իրավասություն։
Առաքյալը պատվիրում է. «Եվ ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և կարգ ու կանոնով թող լինի» (Ա Կորնթ. 14։40), իսկ մեկ այլ տեղ՝ «հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք թե՛ խոսքով, թե՛ մեր նամակով» (Բ Թես. 2։15)։
Առավել մտահոգիչ է, երբ աշխարհիկ քաղաքական գործիչը սկսում է արդեն թելադրել, թե ինչպիսի՛ն պիտի լինի հաջորդ Կաթողիկոսը, պիտի՞ պահվի կուսակրոնությունը, թե՞ «կանոնները պետք է փոխվեն»։ Այստեղ հարցն այլևս որևէ հոգևորականի նկատմամբ անձնական համակրանքը կամ հակակրանքը չէ։ Հարցն այն է՝ ո՞վ է իրավասու տնօրինելու Եկեղեցու ներքին կարգը՝ Եկեղեցի՞ն, թե՞ քաղաքական իշխանությունը։ Կաթողիկոսի կանոնական կարգավիճակը որոշվում է Եկեղեցու կարգով, ոչ թե քաղաքական գործչի անձնական ճանաչմամբ։
Իսկ եթե մարդ իրեն համարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, բայց արհամարհում է Եկեղեցու հոգևոր առաջնորդներին լսելու և նրանց հնազանդ լինելու առաքելական պատգամը (Եբր. 13։17), ապա թող նախ ինքն իրեն հարցնի՝ ինչպե՞ս է այդ վերաբերմունքը համատեղում Եկեղեցու զավակ լինելու հետ»։









