Foto

«Քաղցր հեքիաթ»-ի արտադրությունը կասեցվել է

Անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ապրանքանիշը՝ «Քաղցր հեքիաթ» (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիմքը տեսուչների արձանագրությունն է այս կազմակերպությունում հայտնաբերված սանտարահիգիենիկ նորմերի խախտումների մասին:

Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

Այսպես՝
– արտադրամասի հատակի, պատերի, դռների մակերևույթները հեշտորեն չեն լվացվում, հարթ չեն, պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
– առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
– փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
– չի եղել հանդերձարան անձնակազմի համար, ինչպես նաև՝ սանհանգույց:

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Սահմանվել է ժամկետ: