Foto

Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Nissan»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում․ կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Լիլիթ Ս․-ն իր վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու շպրտել, այնուհետև գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Երևանի բնակիչ 44-ամյա Անահիտ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Սարգսյանը և պարեկ Գրիգոր Ճաղարյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են ժամանել նաև «Հրազդանի» ճանշինի աշխատակիցները՝ աշղեկ Միշա Վարդանյանի գլխավորությամբ, ովքեր ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են վնասված արգելապատնեշները։